ԱԳ նախարար. Որոշողը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է
Ադրբեջանի ԱԳ նախարար Մամադյարովը երեկ Բաքվում հայտարարել էր, թե ինքը ԼՂ ապագա կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում եւ գլխավոր հարցը` «գրավյալ տարածքների» խնդրի լուծումն է ու իրենց տներ փախստականների վերադարձը:
ՀՀ ԱԳ նախարարը պատասխանելով արված հայտարությանն ասել է.
«Կարեւորն այն չէ, թե ով եւ ինչպես է տեսնում, այլ` թե ով է որոշում: Իսկ այս հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»: ՀՀ ԱԳ նախարարը նկատել է, որ այդ մասին հստակ ասված է նաեւ Մադրիդյան փաստաթղթի որոշ մանրամասներում, որոնք հրապարակվեցին լ’Ակվիլայում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունից անմիջապես հետո:
«Եթե Ադրբեջանը դեմ է արտահայտվում այս հիմնարար մոտեցմանը, ապա փաստորեն խոչընդոտում է կարգավորման գործընթացը: Խոչընդոտում է կարգավորումը նաեւ դեմ արտահայտվելով բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, որովհետեւ առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցության անհնար է առաջ մղել կարգավորումը:
Ինչ վերաբերում է հակամարտության հետեւանքների վերացմանը, ապա հարկավոր է նկատի ունենալ, որ պիտի լուծվեն նաեւ Մարտակերտի, Մարտունու եւ Շահումյանի շրջանների Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների եւ այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը:
Եվ իհարկե, հակամարտության հետեւանքների վերացման հարցը պետք է լուծվի հակամարտության պատճառների հետ զուգահեռ:
Այս բոլոր հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով, փոխհամաձայնության հիման վրա եւ խաղաղ ճանապարհով», ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:












