Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Էրգենեքոնին» անդամակցելու մեղադրանքով ձերբակալվել է Թուրքիայի գլխավոր դատախազը

Փետրվար 17, 2010թ. 12:20

g_imageԻնչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» (Zaman) թերթը, դատավարության ընթացքում ցնցող զարգացումներ են տեղի ունեցել:

«Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի Էրզինջանի (Երզնկա) վարչությունում շարունակվող «Էրգենեքոնի» գործով դատավարության հարցաքննության շրջանակներն աստիճանաբար ընդլայնվում են:

Դատարանի որոշմամբ` ձերբակալվել է Էրզինջանի հանրապետական գլխավոր դատախազ Իլհան Ջիհաները: Նրա աշխատասենյակի ու տան` 5 ժամ տևած խուզարկության ընթացքում մեծ թվով փաստաթղթեր և խտասկավառակներ են հայտնաբերվել:

Նրա նկատմամբ առաջադրվել է միանգամից մի քանի մեղադրանք. անդամակցություն «Էրգենեքոն» ահաբեկչական խմբավորմանը, փաստաթղթերի կեղծում, զրպարտություն և սպառնալիք: Հարցաքննության համար գլխավոր դատախազը ուղարկվել է Էրզրում (Կարին), իսկ նրա տանը հայտնաբերված ու առգրավված իրեղեն ապացույցները` Էրզինջան:

Նշվում է նաև, որ հսկողություն է սահմանվել նշված դատախազի փաստաբանի և երկու այլ դատավորների նկատմամբ:

«Էրգենեքոն» անվամբ ընդհատակյա այդ ցանցին առնչվող սկանդալը սկիզբ առավ 2008 թվականի գարնանը: Ըստ մեղադրող կողմի` ահաբեկչական համարվող այդ խմբավորման անդամների նպատակն էր կազմակերպել ահաբեկչական գրոհներ, իրականացնել աղմկահարույց սպանություններ և ապակայունացնող այլ գործողությունների միջոցով պայմաններ ստեղծել 2009 թվականին պետական հեղաշրջում իրականացնելու համար:

Հայտնի է դարձել, որ խմբավորման անդամները ծրագրել էին սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, ալևիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի գեներալ Յաշար Բույուքանըթին և Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Օրհան Փամուքին:

Դատավարության շրջանակներում արդեն ձերբակալվել են տասնյակ պաշտոնաթող զինվորականներ, գործարարներ և լրագրողներ:Ի դեպ` «Էրգենեքոն»-ը թուրքական ցեղախմբի առասպելական պատմական բնակավայրի անունն է:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն