Կարեն Բեքարյան. «Մադրիդյան նոր առաջարկներն ընդունելով Ադրբեջանը ոչ մի նոր բան չասաց»
«Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության մեջ պետք չէ որևէ նորություն տեսնել: Դեռևս Աթենքում առջին անգամ Ադրբեջանը ստորագրեց ինքնորշման իրավունքի տակ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը;
Նա հիշեցնում է, որ Քիվեստի ժամանակ, թեպետ եղան բանակցություններ, փաստաթուղթ ընդունվեց, բայց ադրբեջանական կողմը հետագայում հրաժարվեց դրանից և բանակցային գործընթացում Քիվեստն ընդհանրապես փուլ չի համարում:
Սոչիում կայացած հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, որում կողմերին հնարավորություն է տրվում իրենց առաջարկները ներկայացնելու, իսկապես նորություն է. «Այսինքն, կողմերը ոչ թե բանակցում են պատրաստված փաստաթղթի շուրջ, այլ նրանցից յուրաքանչյուրը գրավոր ներկայացնում է իր տեսակետն ու առարկությունները: Երբ մենք խոսքից անցնում ենք թղթի, շատ բարդ է ունենալ ինքնահակասական վերաբերմունք և քաղաքականություն»:
Փաստորեն, Ադրբեջանի վերջին հայտարարությունը նա դիտարկում է որպես իր քաղաքականության շարունակություն, իհարկե, խուսանավելու իրեն բնորոշ հնարավորությունն օգտագործելով. «Այն հայտարարութունը, որտեղ ասվում է, որ Ադրբեջանն ընդունում է Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, ունի նաև երկրորդ մաս, որտեղ Ադրբեջանը ներկայացնում է իր առաջարկները և խնդրի կարգավորումը տեսնում այդ համատեքստում»:
Այնուամենայնիվ, այս գործընթացում նա առանձնապես առաջխաղացում չի տեսնում, թեպետ հանդիպումների քանակով բավականին դինամիկ է. «Չի կարելի ասել, որ ունենք նոր, արտակարգ, հանգուցալուծող իրավիճակ` անկախ եռանախագահողների լավատեսությունից: Իսկ նրանք լավատես են, քանի որ դա իրենց աշխատանքն է: Եթե չլինի, չեն կարող աշխատել»:
ArmAr.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որտեղ նա խոսել էր Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքների մասին, նա նշեց. «Երբ բանակցային գործընթացը շատ խտանում է, և առաջանում է հանգուցալուծման վտանգ կամ հնարավորություն, բոլոր կողմերը նորից վերադասավորում, վերահաշվարկում և վերհանում են իրենց բոլոր հնարավոր խաղաթղթերը և ներկայացնում մեսիջների տեսքով:
Այսօր, երբ ամբողջ աշխարհը խոսում է ազատագրված շրջաններից, անվտանգության գոտուց, թվում է, թե մոռացվել են այն շրջանները, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Իրականում այդպես չէ: Նախագահն իր ելույթում հիշեցրեց նաև Նախիջևանի մասին, որ ժամանակին եղել է հայաբնակ»:
Նրա կարծիքով, եթե մոտենում ենք վերջնագծին, պետք է մի հատ նորից տեսնենք, թե ինչ ունենք, ինչ` ոչ, և արդյոք PR-ի ներքո որոշ բաներ մոտռացության չեն մատնվել»:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, Աթենք, բանակցություններ, Լավրով, Կարեն Բեքարյան, Մադրիդյան առաջարկներ, մեսիջ, Նալբանդյան, ՌԴ












