Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Երուսաղեմ
Փետրվարի 15-16-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթաղիկոսը հովվապետական այցով եղավ Երուսաղեմում: Հայրապետական պատվիրակության կազմում էին Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանն իբրև գավազանակիր:
Թելավիվի Բեն Հուրյոն օդանավակայանում Գարեգին Բ Հայրապետին դիմավորեցին Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանները, Իսրայելի իշխանությունների, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Գլխադիր Ս. Հակոբոս մատուռում աղոթքից հետո Սրբոց Հակոբյանց Մայր Եկեղեցում Գարեգին Բ կաթողիկոսն օրհնության խոսքով դիմեց հոգևորականներին, կրթական հաստատությունների սաներին, հավատացյալներին:
Երեկոյան Երուսաղեմի հայոց միաբանությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ նշեց Թորգոմ պատրիարքի գահակալության 20, քահանայության 70 և ծննդյան 91 ամյակը: Հանդիսությանը մասնակցում էին Ղպտի, լատին, հույն ուղղափառ, այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:
Հանդիսության ընթացքում ընթերցվեց Թորգոմ Պատրիարքին Հայաստանի հանրապետության բարձրագույն` ՙՍ. Մեսրոպ Մաշտոց՚ շքանշանով պարգևատրելու մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը: Նորին Սրբությունը իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց վաստակաշատ հոգևորականին և նրան փոխանցեց պետական բարձրագույն պարգևը:
Փետրվարի 16-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ շարունակվեց պատրիարքարանի միաբանական ժողովը: Քննարկվեցին Սուրբ երկրում Հայ եկեղեցու ունեցվածքի պահապանման ու տնօրինման, ինչպես նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության առջև ծառացած այլ խնդիրներ:
Ամենայն Հայոց Հայրապետը և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին Ս. Հարության տաճար` խոնարհվելու և իրենց ուխտը նորոգելու Տիրոջ գերեզմանի առջև:
ArmAr.am












