Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Իշխանական պատգամավորները հակված են արձանագրությունների շուտափույթ վավերացմանը

Փետրվար 17, 2010թ. 18:44

874948989Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այսօր հայտարարել է, թե Հանրապետական կուսակցության անդամների մեծամասնությունն այսօր կողմնակից են հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել` չսպասելով Թուրքիայի քայլերին:

«Իմ կարծիքով, այդ ձգձգումները տեղին չեն, եւ ճիշտ կլինի, որ ինչպես նախահարձակ է եղել Հայաստանը, այդպես էլ նախահարձակ մինչեւ վերջ գնա, շարունակի: Դա իմ անձնական կարծիքն է, եւ հանրապետականների մեծամասնության կարծիքը: Եթե լսումները կազմակերպվեն, կհաստատվի: Եթե ձգձգվի, Հանրապետականը միշտ էլ պատրաստ է բոլոր դեպքերում Ազգային Ժողովում քննարկել եւ վավերացնել այդ համաձայնությունները: Ինչքան սառեցնենք, այնքան վատ: Եթե մենք ուզում ենք, որ այդպես լինի, ուրեմն պետք է մինչեւ վերջ գնանք, մինչեւ վերջ ցույց տանք միջազգային հանրությանը, որ Հայաստանը ասում է եւ անում է, իսկ մյուս կողմը խորամանկորեն ձգձգում է կամ խոչմդոտում է գործընթացը»:

Իսկ այն հարցին` չէ՞ որ Հայաստանը պայման էր դրել, որ արձանագրությունները կվավերցվեն Թուրքիայի վավերցումից հետո, Ռ.Պետրոսյանը պատասխանեց. «Այդպիսի գրավոր որեւէ պարտավորություն չի ստանձնել»,- պատասխանեց Ռաֆիկ Պետրոսյանը։

Պատգամավոր այսպիսի հայտարարություն էլ արեց. «Եթե մենք սկզբում, թեկուզ եւ Թուրքիայի Մեջլիսում քննարկումը չավարտած, վավերացնենք այդ պայմանագրերը, սրանից ցցուն կերպով, ավելի ցցուն, քան այսօր է, կերեւա, որ ՀՀ- ն իր խոսքի տեր պետություն է եւ իր ձգտումների մեջ անկեղծ է ու չի նայում, թե դիմացինը ինչպես կընդունի, ինչ խորամանկությունների կգնա եւ այլն: Հանրապետականների ճնշող մեծամասնությունն այս կարծիքին է եւ քիչ մարդիկ են, որ ձգձգման կողմնակից են։ Ես էլ այդ ճնշող մեծամասնության մեջ եմ մտնում եւ գտնում եմ, որ եթե սկսել ենք, անպայման պետք է շարունակենք եւ մեր Աժ- ում քննարկման դնենք այդ արձանագրությունների վավերացման հարցը»:

Սակայն այս դեպքում էլ շտապել պետք չէ, ասում պատգամավորը եւ կանխատեսում, որ երկուշաբթի օրը մեկնարկող քառօրյայում արձանագրությունների հարցի վավերացումը դեռ չի քննարկվի:

«Այս քառօրյայում, կարծում եմ, չի քննարկվի, որովհետեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է այնտեղ խոչընդոտներ հարուցել։ Հանձնաժողովի անդամների մեջ էլ կան Դաշնակցություն կուսակցության անդամներ: Բացի այդ՝ շտապել պետք չէ: Ավելի լավ է հանգիստ պայմաններում ձգձգենք, հանձնաժողովները պատրաստվեն, պատրաստեն նաեւ ելույթներ, բոլոր անհատ պատգամավորները, հանձնաժողովները տարբեր տեսակի վերապահումներ են առաջարկելու, որոնք, իհարկե, չի ընդունվելու, ես արդեն իսկ գիտեմ, հասկանում եմ, որ չի ընդունվելու: Մենք երեք շաբաթը մեկ նիստ ենք գումարում, եթե այս քառօրյայում չլինի` երկուշաբթի, հաջորդ քառօրյայում անպայման կլինի»։

Իսկ հաջորդ քառօրյան մեկնարկելու է մարտի 15- ից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն