Կիրո Մանոյան. «Թե դեմոկրատներից, թե հանրապետականներից մեծ թվով պատգամավորներ կողմ են Ցեղասպանության բանաձևին»
Ինչպես հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քննարկման կդրվի Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևը: Այս խնդրի շուրջ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
-Պարոն Մանոյան, ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր, ի՞նչ ընթացք կունենա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս անգամ նախանշված քննարկումը։ Ձեր կարծիքով ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովի եզրակացությունը։
-Հավանականությունը մեծ է, որ հանձնաժողովն իր համաձայնությունը տա։ Սակայն քաղաքականության մեջ չի կարելի ոչինչ նախօրոք ասել։ Հայ Դատի հանձնախումբն անընդհատ աշխատում է, որպեսզի վստահ լինի և ապահովի, որ մարտի 4-ին հանձնաժողովը բանաձևի մասին դրական եզրակացություն տա։
–Կարծիքներ կան, թե սխալ էր, որ քննարկումն այս պահին լիներ։ Պատճառաբանությունն այն է, որ միայն դեմոկրատներն են որ կողմ են բանաձևին, հետևաբար՝ նման իրավիճակում հնարավոր չէ ձայների մեծամասնություն պահովել, դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը։
– Կարծիքը թյուր է, քանի որ երկու կուսակցություններից էլ՝ թե Դեմոկրատական, թե Հանրապետական, բավական թվով պատգամավորներ կան, ովքեր կողմ են այս բանաձևին։ Ուստի շատ մեծ է հավանականությունը, որ հանձնաժողովը դրական եզրակազության է հանգելու։ Ինչ վերաբերում է ժամանակին, ապա պահը հարմար է ընտրված. այս նախաձեռնության, այսինքն՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևը քննարկելու քայլը արվել է ոչ այնքան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա ներազդելու, որքան Սպիտակ տան վրա ազդելու համար՝ այն ակնկալիքով, որ Սպիտակ տունը՝ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումը, և Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է տարանջատի իրարից։
Այն, թե բանաձևի քննարկման համար պահը ճիշտ չի ընտրված, դա Թուրքիայի տեսակետն է։ Թուրքիան է, որ ասում է, թե այս քննարկումը կխանգարի Հայաստան-Թուրքիա բանակցություններին, կխանգարի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին։
-Գաղտնիք չէ, որ թուրքերն ամեն ինչ անում են քննարկումը խափանելու, նժարի ծանր կողմը դեպի իրենց թեքելու համար. հնարավո՞ր է, որ վերջին պահին նրանք ինչ- որ կերպ, այնուամենայնիվ, կարողանան խանգարել բանաձևի քննարկմանը։
-Այդ ուղղությամբ նրանք աշխատում են։ Կարծում եմ, որ Հայաստանի կողմից էլ՝ առնվազն օրենսդիր մարմնի կողմից, անհրաժեշտ, համարժեք և համապատասխան կեցվածք պետք է ցուցաբերվի, որպեսզի այնպես չլինի, թե՝ այլ մոլորակի մասին է խոսքը։ Խոսքը Հայոց Ցեղասպանության մասին է։ Անհրաժեշտ է, որ մեր օրենսդիրն՝ իր տեսակետները փոխանցելու առումով, լինի ավելի գործունյա։
ArmAr.am












