Ա. Ռուստամյան. «Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ ուղարկելով՝ չի կատարել ՍԴ որոշումը»
«Այս տեսքով մենք դեմ ենք արձանագրություններին եւ դեմ ենք լինելու, քանի որ դրանք մեր երկրի ապագայի համար վտանգ են ներկայացնում եւ նախապայմաններ ունեն: Եթե վերապահումներով այդ վտանգները չեզոքացվեն, ոչ մի խնդիր չկա վավերացնելու համար, քանի որ դրանք նաեւ համահունչ կլինեն ՍԴ որոշմանը»,- այսօր հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
Նա ասել է, թե Նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ ուղարկելով՝ չի կատարել ՍԴ որոշումը, քանի որ ՍԴ-ն ասել է, որ այդ արձանագրությունները համապատասխանում են սահմանադրությանը, եթե ընդունում ենք իր իրավական դիրքորոշումները:
«Մենք շրջանառության մեջ են դրել նաեւ միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծ, որով նախատեսվում է ԱԺ-ին իրավունք տալ միջազգային պայմանագրերը վավերացնել վերապահումներով, նաեւ այդ պայմանագրերը կասեցնելու կամ դադարեցնելու հնարավորություն տալ: Բոլոր դեպքերում, ԱԺ-ն պետք է մերժի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ գործադիր իշխանությունից պահանջի դրանք ետ բերել վերապահումներով»:
Հարցին, թե ինչո՞ւ են այսօր հանրապետականները փոխել իրենց նախկին դիրքորոշումը, այն է` ՀՀ-ն կվավերացնի արձանագրությունները միայն Թուրքիայից հետո, փոխարենն այսօր հայտարարւմ են, թե հայ-թուրքական արձանագրությունները առաջինը պետք է Հայաստանը վավերացնի: Հնչած դիտարկմանը Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դա ցույց է տալիս, որ չկա հայեցակարգ այս հարցում, որ Հայաստանը կորցնում է իրավիճակի վրա ազդելու իր լծակները եւ մնացել է միայն գործընթացից դուրս գալը»:
Նրա խոսքով, եթե Հայաստանը հանդես է գալիս գործընթացից դուրս գալու սպառնալիքով, դա նշանակում է, որ Թուրքիան այս գործընթացից ստանալիք ուներ, եւ հիմա մենք սպառնում ենք, որ նա դա չի ստանա: «Բայց չէ որ մենք հայտարարում ենք, որ նախապայմաններ չկան, որ Հայաստանը լուրջ գին չի վճարել: Այդ դեպքում ինչո՞ւմն է սպառնալիքը»,- հարցադրեց պրն Ռուստամյանն ու պատասխանեց. «Ակնհայտ է, որ հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրները փոխկապակցված են, եւ տրամաբանական է, որ սկզբում լուծվի հայ-թուրքական հարցը, նոր միայն Ղարաբաղի խնդիրը, որովհետեւ եթե սկզբում լուծվի ԼՂ հարցը, կնշանակի, որ դրանով էր պայմանավորված հայ-թուրքական սահմանի բացումը: Այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ ուներ ստորագրել այս արձանագրությունները, քանի որ ԼՂ հարցի լուծումից ու ճանապարհների բացումից հետո, Թուրքիան առանց այդ էլ կբացեր սահմանը»:
ArmAr.am












