Թուրքական մարտական ինքնաթիռները հատել են Հարավային Քուրդիստանի օդային տարածքը
Թուրքական բանակի 5 մարտական ինքնաթիռ այսօր Դիարբեքիրից օդ են բարձրացել և, անցնելով Ջուդի ու Գաբար լեռների վրայով, հատել Հարավային Քուրդիստանի օդային տարածքը:
Այս մասին հայտնում է թուրքական «Ֆրաթ» (Fırat) լրատվական գործակալությունը: Իրաքյան Քուրդիստանի օդային տարածքը հատած այդ մարտական ինքնաթիռները պատկանել են Դիարբեքիրում տեղակայված տակտիկական նշանակության N8 հրթիռային ինքնաթիռների ռազմաբազային: Նշվում է, որ ինքնաթիռներն օդ են բարձրացել` ռումբերով բեռնված: Թռիչքն արձանագրվել է Թուրքիայի ժամանակով 13:00-ին:
Նույն աղբյուրի հաղորդմամբ` առայժմ հայտնի չէ քրդական բնակավայրեր հրթիռակոծվել են, թե ոչ:
Հիշեցնենք, որ նախօրեին լայնածավալ ռազմական հետախուզական օպերացիա էր իրականացվել Թուրքիայի` գլխավորապես քրդերով բնակեցված Թունջելի բնակավայրում: Թուրքական աղբյուրների տեղեկացմամբ` սպասվում է, որ մարտ ամսից սկսած ավելի լայնամասշտաբ ու հաճախադեպ են դառնալու թուրքական զինուժի ռազմական գործողությունները քուրդ գրոհայինների դեմ:
ArmAr.am












