ՀԱԿ-ը երթի է պատրաստվում
Այսօր ժամը 16:00-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի մոտից ՀԱԿ երիտասարդները կազմակերպում են երթ և բոլոր երիտասարդներին կոչ են անում միանալ բողոքի ակցիային: Իրենց հայտարարությունում ՀԱԿ երիտասարդ ներկայացուցիչները նշում են, որ «2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների շնորհիվ իշխանության գահին հայտնվեց Սերժ Սարգսյանը, որը լիարժեք շարունակողն է Ռոբերտ Քոչարյանի հանցավոր գործունեության: Արդյունքում մարտի 1-ին քաղաքի կենտրոնում իշխանությունները գնդակահարեցին սեփական ժողովրդին ու բանտերը լցրեցին բազմաթիվ քաղբանտարկյալներով: Մինչ այսօր վարչախումբը շարունակում է իրագործել ժողովրդին կեղեքելու և ստրկացնելու ծրագիրը: Այս դժբախտություններին ավելացել են նաև ղարաբաղյան հիմնախնդրում և հայ-թուրքական հարաբերություններում ոչ հայանպաստ լուծումները»: Ըստ հայտարարության հեղինակների, սակայն, այս ամենը ի զորու չէ կասեցնել իրենց պայքարը` «հանուն ազատ և անկախ Հայաստանի»:
ArmAr.am












