Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Դոկտոր Յոհաննես Լեփսիուսը հայերի ցեղասպանության մասին

Փետրվար 19, 2010թ. 15:08

GenocideMemorialArmAr.am-ը ներկայացնում է մեծ հումանիստ, Սողոմոն Թեհլիրյանի դատապաշտպան Յոհաննես Լեփսիուսի վկայարանը, որտեղ հեղինակը ականատեսի աչքերով տալիս է անցյալ դարասկզբում Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած զարհուրելի իրադարձությունների իրական պատկերը, իրադարձություններ, որոնք ունեն միայն մեկ բնորոշում` մարդկության հանդեպ գործած մեծագույն ոճիր`ցեղասպանություն: Ներքոբերյալը մեկն է այն բազմաթիվ փաստագրություններից, որ Լեփսիուսը ներկայացրել է Եվրոպայի դատին: Վկայարան Հայերի տեղահանությունը կատարվել է երեք տարբեր շրջաններում և անցել իրար հաջորդող հետևյալ երեք էտապներով: Երեք խտաբնակ շրջանները, որտեղ հայերը կազմել են բնակչության նշանակալից մասը, (10-40 տոկոս), հետևյալներն են.

  1. Կիլիկիան և Հյուսիսային Սիրիան
  2. Արևելյան Անատոլիան
  3. Արևմտյան Անատոլիան…

Կիլիկիայի բնակչության տեղահանությունն սկսվում է մարտի վերջին և հետևողականորեն  շարունակվում ապրիլ և մայիս ամիսների ընթացքում: Արևելյան վիլայեթների տեղահանությունը (բացառությամբ Վանի վիլայեթի) սկսվում է մայիսի վերջին և սիստեմատիկաբար շարունակվում մինչև հուլիսի 1-ը: Տեղահանությունը Արևմտյան Անատոլիայից, որն սկսվել էր օգոստոսին, շարունակվում է սեպտեմբերի ընթացքում: Հյուսիսային Սիրիայում և Միջագետքում սկզբում միջոցառումները սահմանափակվել են ազդեցիկ մարդկանց ձերբակալությամբ: Տարագրություններն սկսվում են մայիսի վերջին և շարունակվում մինչև հոկտեմբեր ամիսը… Անատոլիայի արևելյան վիլայեթներից տեղահանությունը իրագործվում է երկու էտապով: Կոստանդնուպոլսի մտավորականության ձերբակալությունից երեք օր առաջ, որը տեղի է ունեցել ապրիլի լույս 25-ի գիշերը, իշխանությունները ձեռնարկեցին մեծ թվով անվանի քաղաքացիների ձերբակալությունը ներքին մարզերի շատ քաղաքներում… Մայիսի երկրորդ կեսին հերթը հասավ Դիարբեքիրին…Այդ նույնը պատահեց  նաև Բաբերդում և Յոզղաթում: Նույնպես…Մարաշում և Ուրֆայում: Քանի որ վերոհիշյալ քաղաքները գտնվում են հայաբնակ մարզերում, պետք է ենթադրել, որ խոսքը գնում էր համընդհանուր միջոցառման մասին, ինչը նպատակ ուներ հայ ժողովրդին զրկել իր առաջնորդներից և հռետորներից, որպեսզի արտաքսումը կարելի լիներ իրագործել առանց աղմուկի և դիմադրության: Ուզում էին նաև խանգարել այն բանին, որ երկրի ներսում կատարվող իրադարձությունների մասին լուրերը ժամանակից շուտ չդառնան հասարակայնության և Եվրոպայի սեփականությունը: Հունիսի սկզբից պետության մեջ վարչական պաշտոններ զբաղեցնող բոլոր հայերը հանվեցին իրենց պաշտոններից, իսկ բոլոր բժիշկները, որոնք պատերազմի սկզբից ևեթ հավատարմորեն կատարում էին իրենց պարտականությունները թուրքական զինվորական հոսպիտալներում, բանտ նետվեցին: Հազարավոր հայերի, պատվավոր ու կրթված մարդկանց` դեպուտատների, հրապարակախոսների, գրողների, բանաստեղծների, իրավաբանների, փաստաբանների, նոտարների, ծառայողների, բժիշկների, վաճառականների, բանկիրների և ունևոր ու ազդեցիկ մարդկանց բոլոր այդ ձերբակալությունները կատարվեցին առանց որևէ մի դատաքննության:Ոչ մի անգամ և ոչ մի դեպքում նրանց հանդեպ մեղադրանք հարուցված չի եղել պետության դեմ ուղղված որևէ թշնամական գործողության կամ նման մտադրության մեջ: Պարզապես նրանք (թուրքերը) ուզում էին գլխատել հայ ժողովրդին` նախքան նրա առանձին մասերի ջախջախմանն անցնելը…Բարձրագույն պաշտոնատար անձանց հասցեագրված հրամանները գալիս էին Ստամբուկից և, չնայած այն դիմադրությանը, որ ցուցաբերվում էր առանձին պետական ծառայողների, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ հենց թուրք բնակչության կողմից, այնուամենայնիվ, դրանք անշեղորեն և անողոքաբար կատարվում էին: Միջոցառումների երկրորդ էտապը, որ նախորդել է համընդհանուր տարագրությանը, վերաբերում է բնակչության արական մասին, որը բանակ էր կանչվել կամ արդեն այնտեղ ծառայում էր այս իրադարձությունների ժամանակ:Զինվորական ծառայության մեջ գտնվող հայերը, որոնք ռազմական մինիստրի վկայությամբ քաջաբար մարտնչում էին ոչ միայն Դարդանելում, այլև Կովկասյան ճակատում` Ռուսաստանի դեմ, մեծ մասամբ զինաթափվել են և օգտագործվել բանակի կարիքների համար` որպես բեռնակիրներ կամ ճանապարհների վերականգնման վրա աշխատողների: Համարյա բոլոր գավառներից լուրեր են ստացվել, որ ոչ միայն հարկադիր աշխատանքի մեջ գտնվող հայերն են տարվել խուլ տեղեր և սպանվել իրենց ընկեր-մուսուլմանների ձեռքով, այլև ամբողջ խմբեր` 80,100 և ավելի մարդուց բաղկացած, գնդակահարվում էին զինվորների ու զինվորական ժանդարմերիայի ձեռքով` իրենց սպաների հրամանի համաձայն: Հավանաբար երբեք, համենայն դեպս մինչև պատերազմի ավարտը, չի պարզվի, թե ինչ չափեր էր ընդունել բանակ զորակոչված հայերի սպանությունը: Զինվորական պարհակ կատարելու պատրվակով շատ քաղաքներում և գյուղերում 16-70 տարեկան տղամարդկանց, չնայած այն բանին, որ նրանք բանակում ծառայելուց ազատվելու համար հարկ էին վճարել կամ պիտանի չէին բանակում ծառայելու, շարասյուներով տարել են լեռները և գնդակահարել`առանց նախնական որևէ քննության, ինչն, ի միջի այլոց, ոչ ժամանակը, ոչ հանգամանքները թույլ չէին տալիս կատարելու… Մենք արդեն նշել ենք, որ չպետք է ծանրակշիռ համարել այն փաստարկները, որոնք բերվում են արտաքսումը հիմնավորելու համար: Բացառությամբ Վանի շրջանի, որը խուսափեց տեղահանությունից, քանի որ այն գրավված էր ռուսական զորքերի կողմից, երկու-երեք տեղերի, որտեղ հայերը դիմադրություն ցույց տվեցին (Զեյթուն, Շապին-Գարահիսար), մնացյալներն այնքան հեռու են մերձճակատային գոտուց, մեկուկես միլիոն բնակիչների արտաքսումը, որոնք ցրված էին կայսրության բոլոր մասերում, մանավանդ ռազմական գործողությունների թատերաբեմից հեռու գտնվողների, ոչ մի չափով չի կարելի արդարացնել ռազմական նկատառումներով: Միակ բացատրությունը, որ հիմք չի տալիս կառավարության այդ միջոցառման մեջ խելացնորության ակտ տեսնել, դա այն է, որ (կառավարությունը) գործում էր համաձայն ներքաղաքական պլանի ու սառնարյուն հաշվարկով և նախապես կշռադատված մտադրությամբ իր առջև խնդիր էր դրել ոչնչացնել հայկական էթնիկ տարրը…


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն