Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն

6 տարի առաջ ոճրագործ ադրբեջանցու զոհը դարձավ Գուրգեն Մարգարյանը

Փետրվար 19, 2010թ. 15:49

Gurgen Margaryan2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, ադրբեջանցի մարդասպանի կողմից քնած ժամանակ կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը:

Ոճրագործը նույն օրը մահափորձ էր կատարել նաև մի այլ հայ սպայի` Հայկ Մակուչյանի  նկատմամբ, ինչը, սակայն, կանխվել էր:

Հիշեցնենք, որ հայ և ադրբեջանցի սպաները Բուդապեշտում համատեղ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներին:

2006 թվականի ապրիլի 13-ին Հունգարիայի առաջին ատյանի դատարանը վճռեց ոճրագործ ադրբեջանցի սպային դատապարտել ցմահ բանտարկության, առանց առաջին 30 տարիներին համաներման իրավունքի: Նշենք, որ ցմահ բանտարկության դատավճիռը հունգարական օրենսդրությամբ նախատեսված ամենածանր պատիժն է:

Իսկ 2007 թվականի փետրվարի 22-ին Հունգարիայի վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի կայացրած որոշումը:

Արդարադատությունն այլևս չի վերադարձնի մեր կորուստը: Չի ազդի նաև ոճրագործների հոգեբանության վրա:

Այսօր էլ Ադրբեջանը վարում է միևնույն քաղաքականությունը, ինչ նախորդ 6 տարիներին և դրանից էլ շատ ավելի առաջ: Այսօր էլ այդ երկրում թագավորում է հայատյացության մթնոլորտը: Հայերի դեմ Ալիևի սկսած «սրբազան պատերազմը» կանգ չառավ անգամ այս ոճրագործությունից հետո, երբ ողջ աշխարհն ականատես դարձավ ադրբեջանական ոճրագործությանը, երբ եվրոպական (Հունգարական) դատարանն այլևս չէր կարող խոսել «հավասարակշռվածության, հարևանության, եղբայրության, հավասար մոտեցումների» մասին, երբ հնարավոր չէր գտնել արդրացման որևէ նշույլ…

Չնայած դրան` այսօր էլ Ադրբեջանում շարունակվում են պետական մակարդակով հնչեցնել պատերազմի, բոլոր հայերին սպանելու, ոչնչացնելու կոչեր: Արյան ծարավ ադրբեջանական բնակչությունն սպասում է ընդամենը նախագահի հրամանին` պատերազմի ժամանակ հագեցնելու այն:

Իհարկե, հեռու չէ նաև այն օրը, երբ իր ղեկավարության ճարտասանությունից ու անգործությունից հոգնած բնակչությունը այլ կերպ կհագեցնի իր ծարավը… Բայց մինչ այդ, բազկի ուժը փորձում է քնած մարդականց կացնահարելով…

Գուրգեն Մարգարյանի հետ միևնույն սենյակում բնակվող սպայի խոսքերով` դասընթացներին մասնակցող տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև ազգամիջյան հակամարտությունների մասին խոսակցութուն առանձնապես չի էլ եղել, քննարկվել է միայն մեկ անգամ` առաջին օրը:

Խոսակցություն, այո’, չի եղել, սակայն ադրբեջանցին մտքում արդեն պլանավորել էր զինծառայող հայերի սպանությունը:

Հետագայում քննությունն ապացուցեց, որ սպանության գործիք կացինը Սաֆարովը գնել էր դեպքից երկու շաբաթ առաջ: Հետևաբար, «այն չէր կարող լինել «սուվենիր», ինչպես փորձում էին ապացուցել ադրբեջանցիները: Կացնի երկարությունը պոչի հետ միասին հասնում էր 65 սմ:

Փետրվարի 18-ի երեկոյան 21:30-ի սահմաններում Գուրգենը գնում է հայաստանցի մյուս սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը:

Եվ միայն առավոտյան նույն սենյակում բնակվող հունգարացի հարևանն արթնանալուց հետո տեսնում է Սաֆարովին` կացինը ձեռքին Մարգարյանի անկողնու մոտ կանգնած…

Մի հայ սպայի սպանությունից հետո ադրբեջանցին շտապել է մյուս հայ սպայի` Հայկ Մակուչյանի սենյակ: Կիսաքնած Մակուչյանին նույն սենյակում ապրող լիտվացի հարևանն է կանգնեցնում` թույլ չտալով բացել երեկոյան կողպած դուռը, քանի որ «Սաֆարովը կարող է և զինված լինել»…

Այնուհետև եկան ոստիկաններն ու տարան ադրբեջանցուն…

Սարսափելի էր Սաֆարովի դեմքի արտահայտության նկարագրությունը, որ ներկայացնում է Գուրգենի սենյակի հարևանը. «Չորս բոլորը արյուն էր… Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե մի կարևոր գործ էր վերջացրել»:

Մյուս հայի սենյակ գնալու ճանապարհին, նա անգամ ճանապարհին հանդիպած ուզբեկ սպային է հրավիրում մասնակցելու հայի սպանությանը: Ուզբեկին ոչ մի կերպ չի հաջողվում հանդարտեցնել մարդասպանին. նրան, «բացի հայի արյունից, ոչինչ պետք չէր, իր վրեժխնդրություն ոչ թե մեկի դեմ է, այլ ողջ ազգի»:

Որքան էլ ադրբեջանցիները փորձեցին այս ոճրագործությունը «բացատրել»` որպես անձնական, կենցաղային հողի վրա կատարված, սակայն, ակնհայտ է, որ ոճրագործության միակ շարժառիթը եղել է հայ լինելու հանգամանքը:

Ոստիկանությունը ևս սպանությանը քաղաքական մոտիվացիա տվեց:

Չարդարացան ադրբեջանցիների փորձերը` Սաֆարովին հանձնել «ադրբեջանական արդարդատությանը»:

Նա դատապարտվեց ցմահ ազատազրկման` հունգարական դատարանի ծանրագույն պատժին:

Հ.Գ. 2004-ի փետրվարի 19-ին ՀՀ արտգործնախարարությունը տարածեց հայտարարություն. «Այս հանցագործությունը տրամաբանական հետևանքն է Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ ի վեր սանձազերծված հակահայկական հիստերիայի և վերջին ամիսների ռազմատենչ քարոզչության, որով հետևողականորեն վարակվում է ադրբեջանական ողջ հասարակությունը:

Ակնհայտ է նաև, որ նման պետական քաղաքականությունն անցել է այն եզրագիծը, որից այն կողմ արտասահմանում Ադրբեջանը ներկայացնող պաշտոնական անձինք սառնասրտորեն մարդասպանություն են գործում»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն