«Sabah» թերթը հրապարակել է թուրքերի առաջարկած վտանգավոր գաղափարները
Թուրքական «Sabah» թերթի բական ուշագրավ մի նյութ է հրապարակել: Թերթն իր ընթերցողների շրջանում այսպիսի հարցում է անցկացրել. «Ըստ ձեզ` որո°նք են ամենավտանգավոր գաղափարները»: Նշենք, որ հարցը վերաբերում է Թուրքիայի քաղաքական, տնտեսական, հասարակական ու բարոյական միջավայրին:
Նախաձեռնության հեղինակ Էմրե Աքյոզը պարզաբանում է, որ դրա նպատակը թուրք համաքաղաքացիներից այնպիսի առաջարկներ ստանալն է, որոնք թեև վտանգ են պարունակում, բայց կարող են փոխել ներկայիս Թուրքիան: Արձագանքը բավականին բուռն է եղել, ընդ որում, ոչ միայն Թուրքիայից` այլև արտերկրում բնակվող թուրքերից: Ստորև ներկայացնում ենք թուրքերի համար առայժմ չափազանց վտանգավոր համարվող այդ առաջարկներից մի քանիսը:
- Ազգությամբ քուրդ Թուրքիայի քաղաքացիներին Եվրամիության չափորոշիչներով ազգային փոքրամասնության կարգավիճակ շնորհել: Բայց մինչ այդ կազմակերպել հանրաքվե` բացառապես քրդերի մասնակցությամբ:
- Դպրոցներում Թուրքիայի պատմության փոխարեն դասավանդել հայերի և հույների պատմություն: Այնտեղ թուրքերի մասին ավելի շատ է խոսվում:
- Թող անցում կատարվի 200 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալուն: Պաշտպանական ոլորտի ծախսերն էլ նպատակաուղղվեն կրթության և առողջապահության ոլորտներ: Քրդերենը թող կրթության լեզու լինի: Քրդերն էլ որպես երկրորդ լեզու թող սովորեն թուրքերեն:
- Թող հանրապետության նախագահ լինի իր քրդական ծագումը չհերքող գոնե մի քուրդ:
- Սահմանադրության մեջ չպետք է լինի «փոփոխություններ չթույլատրող հոդված» Դա սուրբ գիրք չէ:
- Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում թող կին նշանակվի:
- Չեղյալ հայտարարել Աթաթուրքի (Մուստաֆա Քեմալ) պաշտպանության մասին օրենքը:
Որպես հետգրություն, Էմրե Աքյոզը գրում է. «Վերոթվարկյալ մտքերի մեծ մասը, քննարկումների արդյունքում իսկապես կվերափոխեն Թուրքիան»: Այնպես չէ°»:
ArmAr.am












