Անհասկանալի մրցավազք արձանագրությունների շուրջ
«Քանի դեռ Թուրքիայի մեջլիսի կողմից չեն վավերացվել հայ-թուրքական արձանագրությունները` մեր կողմից դրանց վավերցումը կլինի պատասխանատու քայլ: Մինչև այդ քայլին դիմելը, պետք է մի շարք քայլեր կատարենք»: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Պատգամավորը միաժամանակ փորձել է պարզաբանել` ինչ է հասկանում մի շարք քայլեր ասելով. ըստ նրա, նախ պետք է օրենք ընդունել, որի համաձայն հնարավոր կլինի հետ կանչել ստորագրությունը, սակայն դա բավական երկար գործընթաց է:
«Եթե տեսնենք, որ թուրքական կողմը ձգձգում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, իսկ համաշխարհային հանրությունն էլ ցանկություն ունի տեսնելու, թե երկու երկրներից որ մեկը չի կատարում իր խոստումը, ապա մենք պետք է գնանք այդ ճանապարհով` առաջինը վավերացնենք, այսինքն ցույց տանք միջազգային հանրությունը, որ թուրքական կողմն է խաբում: Սակայն եթե թուրքական խորհրդարանը չվավերացնի, մենք հետ կբերենք մեր ստորագրությունը: Դա մեր ձեռքում է. Ազգային ժողովը համապատասխան օրենք կընդունի ու հարցը կլուծվի»,- պարզաբանել է Մկրտիչ Մինասյանը:
Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ կնշանակի նախընտրում ենք վավերացնել Հայաստանի համար խիստ վտանգավոր արձանագրությունները միայն մեկ բանի համար, որ միջազգային հանրությանն ապացուցենք, թե որքա~ն հնազանդ ենք ու ենթակա… Բայց արդյո՞ք, նույն միջազգային հանրությունը գնահատում է հնազանդությունը: Ճիշտ հակառակը:
Ի գիտություն, հնազանդությունը թերևս պատգամավորական, բայց ոչ երբեք քաղաքական կատեգորիա է:
ArmAr.am












