Եվրոպայում էլ են հասկացել` «հին թշնամանքից այդպես հեշտ չեն հրաժարվում»
Արևմտյան լրատվամիջոցներն սկսել են ակտիվ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը: Հետաքրքիրն այն է, որ նրանք ևս արդեն իսկ արձանագրում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հայտնվել է փակուղում:
Բրիտանական The Economist պարբերականը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին հանդես է եկել «Զրո առաջընթաց» խորագրով հրապարակմամբ: Արձանագրելով փակուղային իրավիճակը` պարբերականն արնդրադարձել է նաև, այսպես կոչված, պատմաբանների հանձնաժողովին:
Մի կարևոր հանգամանք. պարբերականն արձանագրում է. «Հին թշնամանքից այդպես հեշտ չեն հրաժարվում»: Սա նշանակում է, որ եվրոպացիներն սկսել են գիտակցել, որ երբեք հնարավոր չէ երկու երկրների միջև առկա թշնամանքը «բարեկամության մասին» կեղծ լոզունգներով վերացնել, հասկացել են, որ հայերս մանկրուտներ չենք ու հիշողության կորստով չենք տառապում, որ թշնամանքի արմատները շատ ավելի խորն են, իսկ լուծման ճանապարհը մեկն է` Հայոց Ցեղասպանության ճանաչում և փոխհատուցում` Թուրքիայի կողմից:
Ու չնայած հասկացել են, սակայն շարունակում են խնդրին «եվրոպավարի» մոտենալ: Փոխարենը` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցում Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն, կատարված ողբերգության փաստը շարունակում են որպես դամոկլյան սուր ճոճել թուրքերի գլխին: Ինչն էլ անում է նաև սույն պարբերականի վերլուծաբանը. «Գործընթացի ձախողման դեպքում ճանապարհ կհարթվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1915-ի իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու համար»,- այս կերպ սպառնալով Թուրքիային:
Պարբերականը նաև գրում է.« Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արձանագրությունների ստորագրումից մեկ օր անց հայտարարեց, որ քանի դեռ հայերը դուրս չեն եկել բռնազավթված Ղարաբաղից, համաձայնագիրը կյանքի չի կոչվելու»,- գրում է անգլիական պարբերականը` ավելացնելով, որ ազգայնականների և ցասումով լի Ադրբեջանի միջև կանգնած թուրքական իշխանություններն իրենց անհանգստություններն արդարացնելու համար սկսեցին շահարկել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը:
The Economist-ը նաև արձանագրում է, ստեղծված իրավիճակում Անկարան մնաց միայնակ, քանի որ «Թուրքիայի ամենամոտ դաշնակիցն ու գործընթացին հիմնական աջակցությունը ցույց տվող Վաշինգտոնն» անցավ Երևանի կողմը:
ArmAr.am












