Հանձնաժողովում մտածում են արտոնություն տալ տեղական արտադրողին
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է «ՙՊետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի տեղեկացմամբ` գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղեւորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 3 բանկային օրվա ընթացքում:
Հաշվի առնելով, որ ժամանակի սղության պատճառով նշված կազմակերպությունների կողմից պետական տուրքի վճարումների ճիշտ եւ ժամանակին կատարումը կարող է դառնալ ռիսկային, նախագծով առաջարկվում է, որ Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղեւորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե փոխանցեն ոչ ուշ, քան փաստացի թռիչքի օրվան հաջորդող 10 բանկային օրվա ընթացքում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծի վերաբերյալ` նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:
ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը ներկայացրեց իր հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որն առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքը կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքին ու մատուցվող ծառայությանը նախապատվություն տալ օտարերկրյա ծագում ունեցող ապրանքի կամ օտարերկրյա կազմակերպության կողմից մատուցվող ծառայության նկատմամբ:
Նախնական տարբերակում առաջարկվում էր արտոնություն տալ տեղական արտադրողին, եթե առաջարկվող գինը ավել չէ օտարերկրյա ծագում ունեցող ապրանքի կամ օտարերկրյա կազմակերպության կողմից մատուցված ծառայության գնից 15 տոկոսով, բայց քննարկման ընթացքում հեղինակը համաձայնեց հանել տոկոսային դրույթը` որպես փոխզիջումային քայլ կառավարությանը: Բանախոսի գնահատմամբ` առաջարկվող լրացումը նպատակ ունի նպաստելու հայրենական արտադրության զարգացմանը, խթանելու աշխատանքներ եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությունը:
Առաջարկվող լրացման հրատապությունը, ըստ պարոն Նռանյանի, ավելի ակնհայտ է, եթե հաշվի առնենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները եւ Հայաստանի Հանրապետության առջեւ կանգնած մարտահրավերները:
Կառավարության եզրակացությունը քննարկվող օրինագծի վերաբերյալ բացասական էր այն հիմնավորմամբ, որ առաջարկվող լրացումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, և բացի այդ` կառավարությունը պատրաստվում է առաջիկայում նոր հայեցակարգ ներկայացնել Ազգային ժողով:
Քանի որ պայմանավորվածության համաձայն նախագծի քննարկումը մեկ անգամ արդեն հետաձգվել էր այն պայմանով, որ կառավարությունը կներկայացնի հայեցակարգային իր մոտեցումները, ինչը չէր կատարվել, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված նախագծին առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի մեկնաբանությամբ` եթե ՀՀ կառավարությունը կներկայացնի իր օրինագիծը, փոխադարձ համաձայնությամբ հեղինակները կարող են ընդհանուր մի նախագծով հանդես գալ, իսկ եթե անհամաձայնություն կլինի մոտեցումների առումով, կքննարկվեն այլընտրանքային երկու նախագծերն էլ:
ArmAr.am












