Առնո Կուռ. նկարիչ, ում ստեղծած կերպարները զուրկ են ձեռքերից
ArmAr.am-ը ներկայացնում է երիտասարդ ստեղծագործողներին:
Երիտասարդ ստեղծագործող, նկարիչ Առնո Կուռի կտավներում մարդիկ զուրկ են ձեռքերից և ոտքերից, իսկ թե ինչով է դա պայմանավորված և որքան ժամանակ է նա սկսել ստեղծագործել` տեղեկացանք նրա հետ զրույցից:
-Առնո, որքա՞ն ժամանակ ես զբաղվում նկարչությամբ:
-Պրոֆեսիոնալ նկարչությամբ սկսել եմ զբաղվել 15 տարեկանից` շուրջ 10 տարի: Սակայն դպրոցական տարիներից սկսել եմ նկարել ու հիմնականում նկարում էի գրողների դիմանկարներ: Որպես կանոն լավ տպավորվում էին այն դեմքերը, ովքեր ինչ-որ յուրահատուկ դիմագիծ ունեին:
-Իսկ ո՞ր գրողն է առավել մեծ ազդեցություն գործել քեզ վրա:
– Ինձ համար կարևոր էր ոչ միայն գրողը, այլև նրա ստեղծագործությունը, դրանք ինձ համար անանջատ ամբողջություններ են:
-Այսօր քո նկարներում կարելի է տեսնել մարդկանց ուրվագծեր և հաճախ հանդիպող եկեղեցի, սակայն սկսել ես դիմանակարներից: Ինչպե՞ս դիմանկարներից անցում կատարեցիր այլ պատկերների:
-Ես մինչ օրս էլ սիրով եմ դիմանկարներ նկարում, ու քանի որ իմ նկարները մտահոգություններիս արդյունք են` ամեն ինչ անում եմ նաև մտահոգություններս ու հաճույքներս համատեղելու համար: Սիրում եմ մեր հայկական ճարտարապետությունը, որն առավելապես արտահայտվել է հայկական եկեղեցաշինության մեջ, դա է նաև պատճառը, որ իմ նկարներում հաճախ եմ եկեղեցի պատկերում:
Այժմ սկսել եմ նկարների մի նոր շարք. գաղափարի հիմքը դրվեց գեղարվեստի ակադեմիան ավարտելուց և բանակ գնալուցս հետո: Մեր զորամասը անապատային մասում էր գտնվում. շատ էի սիրում նայել այդ դեղին տարածությանը, որն ինձ վրա մեծ ազդուցություն թողեց և այդտեղից ծնվեցին իմ կերպարները: Երկար ժամանակ էսքիզներ էի անում, իսկ բանակից վերադառնալուց հետո ամբողջացավ, այսպես կոչված, մորեխների գաղափարը:
–Քանի որ սկսեցիր խոսել քո նկարներում առկա մորեխներից` կխնդրեմ ներկայացնես` ո՞րն է մորեխի խորհուրդը քո նկարներում: Հայտնի է, որ տարբեր հավատալիքներում մորեխը պտղաբերության, բերրիության, հաջողության խորհրդանիշն է, իսկ քեզ մո՞տ:
-Այն խորհուրդը, որ ես դրել եմ իմ նկարներում, ամենևին պարտադիր չէ, որ դիտողը ևս այն նույն կերպ ընկալի: Եթե նկատել եք, մորեխները բնության մեջ շատ տարբեր են լինում, գրեթե չեն կրկնվում: Գուցե քեզ համար տարօրինակ թվա, բայց ինձ համար մորեխները երազային, յուրահատուկ միջատներ են:
– Տեղյակ եմ, որ երկար ժամանակ զբաղվել ես արևելյան մարտարվեստով: Այն ինչ-որ ազդեցություն թողե՞լ է քո արվեստի վրա:
– Անշուշտ ազդեցություն թողել է: Մարտարվեստը քեզ հնարավորություն է տալիս ինքնապարտադրանքով հաղթել ինքդ քեզ` դիմացինին հաղթելու համար: Երբ դու հաղթում ես ինքդ քեզ, դառնում ես ավելի ազատ, զերծ կաշկանդումներից: Այդպիսին է դառնում նաև քո մտածողությունը, ինչը շատ կարևոր է ստեղծագործողի համար: :
-Առնո իսկ ո՞րն է քո ստեղծագործության առանցքը:
– Այն մարդն է, որը միշտ փորձում է փոխել իր ձևի հետ հարմոնիկ բովանդակությունը` դրանով ստեղծելով անառողջ կամ արհեստական մի գոյություն, մարդը, որն իր ողջ կյանքում փնտրում – գտնում է նորանոր կապանքներ` իր ազատությունը կաշկանդելու համար: Իմ նկարներով փորձում եմ թուլացնել ազատությունը սահմանփակող « քարկապերը»` բոլորի, այդ թվում և սեփական:
-Կարելի է ասել, որ դու բացարձակ ներդաշնակության ես ձգտում:
-Ինչու ոչ: Կյանքի բոլոր երևույթներում կա բացարձակ ներդաշնակություն, կարևորն այն չէ, թե դու ինչ ձևով կամ ճանապարհով ես ձգտում հասնել դրան: Ես, լինելով հատկապես ձևերն ու գույները կարևորող մարդ, փորձում եմ այս ճանապարհով ձգտել բացարձակ ներդաշնակության: Այս ճանապարհին ամենամեծ խոչնդոտներից մեկն այն է, որ մարդը չափազանց զգացական է կամ պրագմատիկ:
Երկուսն էլ դուրս են իրենից, ուստի` անառողջ կամ անհամապատասխան:
Պատահական չէ, որ հատկապես հիմա մարդիկ առավել շատ են իրենց ձևափոխում, ես այն ձևախեղել եմ անվանում…
-Վերջապես գանք մեզ հետաքրքրող հարցին` ինչո՞ւ են քո կերպարները պատկերված առանց ձեռքերի:
-Այո, իմ մարդիկ գրեթե ձեռքեր չունեն: Ձեռքերն այնքան կարևոր դեր ունեն մարդու կյանքում… աշխարհում մեզ դիմավորում և այս աշխարհից ճանապարհում են դարձյալ ձեռքերով… Իմ կերպարները կռնատ են` դա իր մեջ ներառում է անազատության խորհուրդը
– Որպես երիտասարդ ստեղծագործող կուզեի իմանալ, ի՞նչ դժվարություններ ունեն այսօրվա երիտասարդ արվեստագետները:
-Մեր ամենամեծ խնդիրը ինքնագնահատանաքի պակասն է: Եթե երիտասարդ ստեղծագործողը դրսում որևէ մրցանակի արժանանա, ապա բոլորն անպայման կխոսեն այդ մասին, սակայն մեր երկրում ես կարծում եմ, որ բոլորի համար հավասար պայմանների ապահովումը բացակայում է, շահագրգռելու կարողություն չկա մեզ մոտ: Արտասահամանում երիտասարդ արվեստագետին խրախուսելու բազում հնարավորություններ են տրվում, լավ կլիներ, եթե նման բան մեզ մոտ ևս լիներ: Մեզ մոտ երիտասարդ ստեղծագործողի աշխատանքները ներկայացնելու համար շուկաներ չկան:
– Չե՞ս կարևորում ես այս կամ այն միությանն անդամակցելը:
– Ոչ, և պետք է ասեմ, որ խուսափում եմ նման բաներից, քանի որ դրանք ավելորդ կապանքներ են:
–Լավ, դարձյալ անդրադառնամ ստեծածդ կերպարներին. Ինչպիսի՞ն պետք է լինի կերպարը` որպեսզի ոգեշնչի քեզ:
-Պետք է ունենա այն ձևը, որը տեսնում եք նկարներումս. ինձ ոգեշնչում են առավելապես կանայք: Եվ գիտեք ինչու, որովհետև կանայք ավելի համահունչ են իրենց սկզբին, քան տղարմարդիկ: Ինձ շատ է ոգեշնչում այն, որ կինը ինքնին մայր է և մարդ է ստեղծում, իսկ ոչ մի ստեղծագործող նման բան չի կարող անել: Ցանկացած կերպար իր բովանդակության մարմնավորումն է: Կանանց մարմինն այնպես է ստեղծված, որ կարողանա իր մեջ կյանք արարաել ու կրել: Այդ` այսպես կոչված բրգաձև կառուցվածքը, հավատարմության մարմնացում է. ես հավատարմությունը կնոջ մարմնի կերտմամբ եմ պատկերացնում: Եվ հավատարմության գաղափարն ավելի շատ կնոջ կերպարում եմ տեսնում, քան տղամարդու:
Իսկ գրական ո՞ր կերպարներն են քեզ ոգեշնչում:
-Շատ եմ սիրում Փոքրիկ իշխանի կերպարը: Գիտեք, երբ փոքր էի ինձ շատ էին նմանեցնում Փոքրիկ Իշխանին: Նա այսօր էլ իմ մեջ է և ես սիրում եմ այն գծերը, որ ունի այդ կերպարը` հատկապես հավատարմությունը: Եթե մինչ օրս հավատարմությունը որոշ չափով պարտադրված է եղել, ապա գալու է մի ժամանակ, երբ հավատարմությունը ներքին մղում է լինելու և մարդիկ կլինել այդպիսին, ոչ թե այն բանի համար, որ հասարակությունն է պահանջում, այլ հավատարիմ իրենց ներքին մղումին:
-Առնո, որքան գիտեմ պատրաստվում ես անհատական ցուցահանդեսով ներկայանալ: Ի՞նչ կասես այդ մասին:
-Այո, պատրաստվում եմ: Նախնական ծրագրմամբ այն կանցկացվի հոկտեմբերին Տաթևի վանքի տարածքում: Ինչպես կռահեցիք` այնտեղ իմ կերպարների համար «թևեր եմ խնդրելու»` ինչպես, ըստ ավանդության, դա արեց վանքի շինարարը և ստացավ…
-Շնորհակալություն Առնո, իսկ մեզ մնում է հաջողություն մաղթել քեզ:
Զրուցեց` Արմենուհի Կարեյան












