Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական

Ներկա փուլում Ցեղասպանության ճանաչումը ուժեղ խաղաքարտ է դարձել ԱՄՆ ձեռքին

Փետրվար 22, 2010թ. 12:15

kongresԱյն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրենց շահերն են հետապնդում, պարզ էր ի սկզբանե։ Միամտություն կլինի կարծել, թե իսկապես, այն, ինչ տեղի է ունենում, միմիայն Հայաստանի ու Թուրքիայի բարի կամքի դրսևորման արդյունք է։ Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն, որ այս խաղում որոշակի ակնկալիքներ ունի նաև Թուրքիան, այն է՝ հնարավորինս շուտ դառնալ եվրոպական համագործակցության անդամ երկիր։ Սակայն ինչպիսի՞ն կլինի դրա գինը, Թուրքիաի համար միևնույն չէ։ Թուրքիան առայժմ ոչ մի կերպ չի կարողանում ընկալել այն, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու պատասխան տալ նախկին մեղքերի համար՝ այն է` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ընդունելով դրանից բխող բոլոր հետևանքները։

Ներկա փուլում Ցեղասպանության ճանաչումը ուժեղ խաղաքարտ է դարձել ԱՄՆ ձեռքին՝ Թուրքիային իր պայմաններն առաջադրելու համար։ Թուրքիան չափից ավելի անհանգստացած է մարտի 4-ին ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  Ցեղասպանության բանաձևի քննարկման առնչությամբ։ Թուրքիան հասկանում է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական սահմանի հնարավորինս շուտ բացմամբ, այսինքն՝ նաև արձանագրությունների վավերացման հետ կապված գործընթացում առաջխաղացմամբ։

Բայց քանի դեռ Թուրքիայի խորհրդարանում այդ խնդրի շուրջ անհամաձայնություն է, ԱՄՆ-ն կշարունակի սպառնալ Թուրքիային նրանով, որ ապրիլի 24-ը մոտենում է, ուստի չի բացառվում, որ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման վերջապես հնչեցնի Ցեղասպանություն բառը, որին և, անշուշտ,  կհետևի ԱՄՆ կոնգրեսի պատասխանը։

Պաշտոնական Անկարան բազմիցս նշել է, որ Միացյալ Նահանգներն անկեղծ չէ Թուրքիայի նկատմամբ, Թուրքիայի հետ հնարավոր չէ խոսել շանտաժի լեզվով։  Ուստի, եթե ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը, ապա Թուրքիան կխզի իր բոլոր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, դուրս կհանի ամերիկյան ռազմաբազան Ինջիրլիքից, ավելի շատ կմերձենա Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ ապագայում բացառված չէ, որ կանդամակցի ՀԱՊԿ-ին և ռազմական դաշինք կնքի Մոսկվայի հետ։

Թուրքերի կարծիքով, ԱՄՆ-ի՝ Հայաստանի հետ սահմանի բացման ձգտումների հիմքում ընկած են Թուրքիան մասնատելու, քրդական հարցը սրելու, երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու հաշվարկներ։

Եթե ամեն ինչ այսպես ընթանա, առավել շահեկան դիրքում կհայտնվի Ռուսաստանը։ Թուրքիային շեղելով իր կողմը` Ռուսաստանի կողմը կթեքվի նաև թուրքերի հետ տարուբերվող Ադրբեջանը, որի քայլերը առանց Թուրքայի չեն կատարվում։  Սրանով Ռուսաստանն ամբողջությամբ իր ազդեցության տակ կպահի տարածաշրջանը։ Այս ճանապարհի չինչին մի խոչընդոտ կմնա Սահակաշվիլին, որին դուրս մղելը ընդամենը ժամանակի հարց է։ Եթե այսպիսի սցենարով զարգանան իրադարձությունները, վերջնարդյունքում Ռուսաստանի համար կմնա շատ մեծ մի խնդիր։ Արդյո՞ք Թուրքիան մինչև վերջ «անկեղծ» կլինի իր դիրքորոշումներում։

Գերտերությունների այս մեծ խաղում հայտնված Հայաստանն առայժմ փորձում է արժանապատիվ տեսք պահպանել։ Ինչպիսի՞ն կլինի վերջնարդյունքը՝ առավելապես կախված է նրանից, թե ինչքանով այդ երեք  պետությունների շահերը կհամընկնեն մեր շահերի հետ և ի՞նչ կստանա Հայաստանը դրանից։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն