Անսասան ու անհողդողդ` մեր հավատի, հույսի ու հաղթանակի մեջ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի բացման խոսքը Ղարաբաղյան շարժման 22-րդ տարեդարձին և Արցախի վերածննդի օրվան նվիրված տոնական հավաքում՝ 2010թ. փետրվարի 20-ին ԼՂՀ ԱԺ նիստերի դահլիճում
Մեծարգո Նախագահ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Գերաշնորհ Սրբազան Հայր
Հարգարժան գործընկերներ
Տիկնայք և պարոնայք
Պատիվ ունեմ ողջունել ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում և ի դեմս ձեզ՝ մեր ժողովրդին, համայն հայությանը շնորհավորել Ղարաբաղյան շարժման 22-րդ տարեդարձի և Արցախի վերածննդի օրվա առթիվ։
Հանդիսավոր այս հավաքը, որին հրավիրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդը, ԼՂՀ վարչապետը, ԼՂՀ բոլոր գումարումների խորհրդարանի պատգամավորներ, հանրապետության գործադիր իշխանության պատասխանատուները, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը, դատական և իրավապահ համակարգերի ղեկավար անձինք, իր կազմով ներկայացնում է մեր ավելի քան երկու տասնամյա ազգային-ազատագրական պայքարի գրեթե ամբողջ աստղաբույլը։
Այս միջոցառման մասնակիցներն Արցախի ազատության, անկախության և ինքնիշխանության նվիրյալ գաղափարակիրների կուռ միասնություն են կազմում։ Եվ մեր զորությունը, անկասկած, մեր բոլորի միահամուռ կամքի, մեր հոգևոր-բարոյական ու գաղափարական միասնականության մեջ է, հայոց զուգապետության՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մեր համազգային խնդիրների շուրջ համայն հայության համախմբվածության մեջ։ Այո, մենք նախ և առաջ ինքներս մեզ, ապա և ողջ աշխարհին ապացուցեցինք, որ վերջնական ու անշրջելի է արցախահայության վճիռը, միանգամայն բնականոն, օրինական և աննահանջ է հայրենի բնօրրանում ինքնուրույն ապրելու ու գոյատևելու մեր ժողովրդի ձգտումը։
Խորը ափսոսանքով պետք է նշեմ, որ հնարավոր չէ միջոցառմանը ներկա տեսնել չորս գումարումների առանց բացառության բոլոր պատգամավորներին, որոնց ընդհանուր թիվը 190 հոգի է կազմում։ Հիշեցման կարգով նշեմ, որ 80 պատգամավոր ընտրվել է 1-ին գումարման Գերագույն խորհրդի օրոք, 40-ը՝ 2-րդ գումարման, 33-ը՝ 3-րդ գումարման և 37-ը՝ 4-րդ գումարման Ազգային ժողովի օրոք։ Օրինաստեղծ ասպարեզում չորս գումարումների խորհրդարանի պատգամավորների համատեղ ջանքերի շնորհիվ է, որ քայլ առ քայլ ձևավորվել ու կայացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական դաշտը՝ ընդհանուր առմամբ ներառելով 930 օրենք, որոնց գերակշիռ մասն այսօր գործում է։ Համոզված եմ, որ երկրի հիմնական օրենքի` ԼՂՀ Սահմանադրության հետ մեկտեղ, դա մի վիթխարի ժառանգություն-նախադրյալ է հաջորդ գումարման համար՝ արդյունավետ գործունեության, մեր նորանկախ երկրում պառլամենտարիզմի ավանդույթների հետագա զարգացման ու խորացման ասպարեզում։
Նախորդ գումարումների Ազգային ժողովի որոշ պատգամավորներ, ներկայումս մշտապես բնակվելով կամ ժամանակավորապես գտնվելով հանրապետության սահմաններից դուրս, տարբեր հանգամանքների պարտադրանքով ներկա չեն մեր այսօրվա հավաքին։
Մեր պայքարի անցած ճանապարհին, ավաղ, անդառնալի կորուստներ ենք ունեցել՝ Արցախյան պատերազմի տարիներին նահատակվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի 11 պատգամավոր, ում անմոռաց հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը կկայանա այսօր՝ Ազգային ժողովի ճեմասրահում։
Դարձյալ ցավով պետք է նշեմ, որ նախորդ գումարումների խորհրդարանի ոչ քիչ թվով պատգամավորներ հետպատերազմյան տարիներին հրաժեշտ են տվել կյանքին՝ տարիքի կամ առողջական վիճակի բերումով։
Հավերժ հիշատակ ԼՂՀ խորհրդարանի՝ պատերազմի տարիներին նահատակված, ինչպես նաև հետագայում բնական մահով կյանքից հեռացած պատգամավորներին։
Հավերժ հիշատակ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենյաց ազատության և անկախության։
1988 թվականի փետրվարի 20-ը թանկ ու անմոռաց է մեր ողջ ժողովրդի համար։ Հայոց բազմադարյա պատմության մեջ այն նշանավորվեց որպես բախտորոշ ելակետային օր, երբ ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի ընդունած սկզբունքային որոշմամբ, փաստորեն, իրավական հուն փոխադրվեց Ղարաբաղյան շարժումը։
Այդ պատմական որոշումը, հիրավի, Արցախի ժողովրդի ընդհանրական կամքի արտահայտությունն էր և որպես այդպիսին է ներկայանում ու կներկայանա գալիք ժամանակներում՝ մեր բոլոր սերունդներին։
Ուստի, որպես օրվա խորհրդի արտահայտություն՝ թույլ տվեք մեր բոլորի անունից ողջունել և խորը երախտագիտություն հայտնել 1988թ. փետրվարի 20-ի մարզխորհրդի նստաշրջանի մասնակից բոլոր ժողովրդական պատգամավորներին, ովքեր այն ծանր ու դժվարին ժամանակներում խիզախեցին դիմել նման վճռական քայլի:
Հարգելի գործընկերներ
Մենք բոլորս, իրոք, գործընկերներ ենք: Կարևոր չէ` ինչ կոնկրետ պայմաններում, ինչ անձնական կամ քաղաքական որակների գերակայությամբ, բայց մենք բոլորս երբևէ ստացել ենք ժողովրդի վստահության քվեն և այդքանով էլ մեր դերակատարությունը նույնական է: Արցախյան ազգային-ազատագրական շարժման 22-րդ տարեդարձ բերած մարզային խորհրդի նստաշրջանն արդեն պատմություն է, որն արժանի է ոչ այնքան վերլուծության, որքան` զուտ հարգանքի և գնահատանքի, քանի որ մեզ համար պատմությունը չի ավարտվել այնքանով, որքանով որ Արցախի նորագույն պատմությունը սկզբանավորող մարդիկ շարունակում են իրենց առաքելությունը անկախ պետականության կերտման գործում:
Մեզ համար էական է դառնում քաղաքական մի նոր ավանդույթ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձևավորվել է 2007թ. նախագահական ընտրություններով: Դա համերաշխության մեջ յուրաքանչյուր քաղաքական ուժի, գործչի հնարավորությունների համատեղման և համագործակցության ավանդույթն է: Այն արդարացված է ժամանակի պահանջով:
Մեզ մնում է ամուր պահել 1988-ին Ստեփանակերտում բարձրացված ազատության դրոշը և չմոռանալ, որ այն մաքուր պահելու, աշխարհին ի տես ծածանելու պատիվը վիճակված է մեզ բոլորիս: Ուրեմն, անսասան ու անհողդողդ մնանք մեր հավատի, հույսի ու հաղթանակի մեջ: Այսօր և ընդմիշտ:
Վերստին շնորհավոր բոլորիս տոնը՝ Արցախի վերածննդի օրը։
Բոլորիդ մաղթում եմ անձնական երջանկություն, բարեկեցություն և, իհարկե, հաջողություններ:












