Սերունդների փոխկանչով
Հանդիսավոր հավաք ԼՂՀ Ազգային ժողովում
Ի նշանավորումն Ղարաբաղյան շարժման 22-րդ տարեդարձի և Արցախի վերածննդի օրվա՝ փետրվարի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիսավոր հավաք։
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանի մասնակից պատգամավորներ, ԼՂՀ բոլոր գումարումների խորհրդարանի պատգամավորներ, հանրապետության գործադիր իշխանության պատասխանատուներ, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը, դատական և իրավապահ համակարգերի ղեկավար անձինք։
Նշելով, որ հավաքն իր կազմով ներկայացնում է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի գրեթե ամբողջ աստղաբույլը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներածական խոսքում, մասնավորապես, ասաց. ՙԱյս միջոցառման մասնակիցներն Արցախի ազատության, անկախության և ինքնիշխանության նվիրյալ գաղափարակիրների կուռ միասնություն են կազմում։ Եվ մեր զորությունը, անկասկած, մեր բոլորի միահամուռ կամքի, մեր հոգևոր-բարոյական ու գաղափարական միասնականության մեջ է, հայոց զուգապետության՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մեր համազգային խնդիրների շուրջ համայն հայության համախմբվածության մեջ՚։
Ափսոսանքով արձանագրելով, որ հնարավոր չէր միջոցառմանը ներկա տեսնել չորս գումարումների առանց բացառության բոլոր պատգամավորներին, որոնց ընդհանուր թիվը 190 հոգի է կազմում, խորհրդարանի նախագահը հիշեցման կարգով տեղեկացրեց, որ, այդ թվում՝ 80 պատգամավոր ընտրվել է 1-ին գումարման Գերագույն խորհրդի օրոք, 40-ը՝ 2-րդ գումարման, 33-ը՝ 3-րդ գումարման և 37-ը՝ 4-րդ գումարման Ազգային ժողովի օրոք։ Ընդ որում՝ օրինաստեղծ ասպարեզում չորս գումարումների խորհրդարանի պատգամավորների համատեղ ջանքերի շնորհիվ է, որ ձևավորվել ու կայացել է ԼՂՀ օրենսդրական դաշտը՝ ընդհանուր առմամբ ներառելով 930 օրենք, որոնց գերակշիռ մասն այսօր գործում է։ «Համոզված եմ, ընդգծեց նա, որ երկրի հիմնական օրենքի` ԼՂՀ Սահմանադրության, հետ մեկտեղ դա մի վիթխարի ժառանգություն-նախադրյալ է հաջորդ գումարման խորհրդարանի համար՝ արդյունավետ գործունեության, մեր նորանկախ երկրում պառլամենտարիզմի ավանդույթների հետագա զարգացման ու խորացման ասպարեզում»։
Ազգային-ազատագրական պայքարի ճանապարհին ԼՂՀ խորհրդարանը ևս, ավաղ, անդառնալի կորուստներ է ունեցել՝ Արցախյան պատերազմի տարիներին նահատակվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի 11 պատգամավոր, ինչպես նաև ոչ քիչ թվով պատգամավորներ հետպատերազմյան շրջանում հրաժեշտ են տվել կյանքին՝ տարիքի կամ առողջական վիճակի բերումով։ Հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին
նահատակված և բնական մահով կյանքից հեռացած պատգամավորների, հանուն հայրենյաց ազատության և անկախության իրենց կյանքը զոհաբերած բոլոր ազատամարտիկների անմոռաց հիշատակին։
Նշվեց, որ 1988 թվականի փետրվարի 20-ը հայոց բազմադարյա պատմության մեջ նշանավորվել է որպես բախտորոշ ելակետային օր, երբ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի ընդունած սկզբունքային որոշմամբ, փաստորեն, իրավական հուն փոխադրվեց Ղարաբաղյան շարժումը։ Ուստի, որպես օրվա խորհրդի արտահայտություն, Ազգային ժողովի նախագահը ներկաների անունից ողջունեց և խորը երախտագիտություն հայտնեց պատմական նստաշրջանի մասնակից՝ տոնական հավաքին հրավիրված պատգամավորներին և բոլոր նրանց, ովքեր այն ծանր ու դժվարին ժամանակներում խիզախեցին դիմել նման վճռական քայլի:
ԱԺ նախագահի հրավերով՝ ի խորհրդանշումն ժամանակների փոխկանչի, ներկաների առջև ելույթ ունեցավ և տոնական հավաքի բացումը հայտարարեց մարզխորհրդի փետրվարյան նստաշրջանը նախագահած Վիգեն Հայրապետյանը։
Հնչեց ԼՂՀ պետական օրհներգը։
Ապա ողջույնի խոսքով հավաքի մասնակիցներին դիմեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Գնահատելով 1988թ. փետրվարի 20-ը որպես ազգային վերազարթոնքի սկիզբ, արցախյան պետության ղեկավարն ասաց. «Մենք ոտքի ելանք պաշտպանելու հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր բնական իրավունքը՝ միջազգային հանրության կողմից ընդունված համընդհանուր նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Մեր խաղաղ ու արդարացի պահանջին Ադրբեջանը պատասխանեց դաժան ու արյունալի պատերազմով, որը դարձավ բազում մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ»։
Արձանագրելով, որ Արցախի հերոսական ժողովուրդը՝ համայն հայության հետ ձեռք-ձեռքի, կարողացավ դիմակայել բոլոր փորձություններին և բռնեց ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին, նախագահն ընդգծեց. «Մեզ համար այդ ուղին անշրջելի է ու հաստատուն»։ Բակո Սահակյանի խոսքերով. «Մենք խորապես համոզված ենք, որ ժամանակակից աշխարհում առկա բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միայն ու միայն քաղաքակիրթ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ և անմիջական երկխոսության միջոցով։ Այնինչ Ադրբեջանի իշխանություններն այսօր էլ շարունակում են վարել ռազմատենչ քաղաքականություն՝ սեփական ժողովրդին պահելով մշտական լարվածության և պատերազմի վերսկսման վտանգի տակ։ Այդ սպառնալիքներն իզուր են և անտեղի։ Մենք ունենք կանոնավոր ու մարտունակ բանակ, որը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ մեր պետության և ժողովրդի անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության»։
ԼՂՀ նախագահի արժևորմամբ՝ բոլոր գումարումների Ազգային ժողովը մեծ դերակատարություն է ունեցել Արցախի անկախ պետականության կայացման, պետական ինստիտուտների ձևավորման, ժողովրդավարական արժեքների ամրագրման գործում։ Այդ համատեքստում հիշեցնելով, որ առջևում են հերթական խորհրդարանական ընտրությունները, նա ասաց. «Դա անչափ կարևոր քաղաքական իրադարձություն է մեր ժողովրդի կյանքում։ Եվ բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները ևս անցնեն միջազգային չափանիշներին համապատասխան և մեկ քայլ առաջ տանեն մեզ Արցախի կայուն ու բարեկեցիկ ապագան կերտելու ճանապարհին»։
ԼՂՀ նախորդ գումարումների խորհրդարանի պատգամավորների անունից հանդիսավոր հավաքում ողջույնի խոսքով հանդես եկան Գեորգի Պետրոսյանը, Արթուր Թովմասյանը և Մուշեղ Օհանջանյանը, ովքեր որոշակի ժամկետներում զբաղեցրել են, համապատասխանաբար, ԼՂՀ 1-ն գումարման Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարի, ԼՂՀ 2-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի և ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնները։
Ապա հավաքի մասնակիցներին օրհնանքի ու շնորհավորանքի խոսք ուղղեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Համաձայն օրվա միջոցառումների ծրագրի՝ հանդիսավոր հավաքի ավարտից հետ Ազգային ժողովի ճեմասրահում տեղի ունեցավ ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի՝ պատերազմական տարիներին նահատակված պատգամավորների անմոռաց հիշատակը խորհրդանշող հուշատախտակի բացման արարողությունը։ Հուշատախտակը բացելու պատիվը վերապահվեց ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար, ներկայումս ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանին և ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն












