«Տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվել է»,- հայտարարում է էկոնոմիկայի նախարարը
«Տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվել է»,- այս մասին փետրվարի 22-ին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Նա նշել է, որ նախորդ տարվա հունվար ամսի համեմատ արդեն 2,1 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։ «Նախորդ տարի միայն երեսուն միլիոն դոլարի տեխնիկա եւ սարքավորում է ներմուծվել Հայաստան, իսկ դա նշանակում է, որ արտադրողականության աճի արդյունքը մենք կտեսնենք այս տարի, եւ այդ աճը դրա ապացույցն է»:
Որքան էլ տարօրիանակ է, բայց ըստ նախարարի, աճը հիմնականում ապահովվել է արդյունաբերության ոլորտի հաշվին։
Մինչդեռ, ըստ Երիցյանի՝ շինարարության ոլորտը շարունակում է անկում ապրել։ Լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ կառավարությունը չօժանդակեց կապիտալ շինարարության ոլորտին՝ միջոցներ տրամադրելով արտաքին վարկերից, Երիցյանը պատասխանեց. «Կառավարությունը պարզապես փորձեց փրկել շինարարության ոլորտը, քանի որ չէինք կարող թողնել, որ տնտեսության այդ ճյուղն ամբողջությամբ կործանվեր»,- ասաց էկոնոմիկայի նախարարը՝ ավելացնելով, որ կառավարության կատարած ենթակառուցվածքային ծախսերը եւս կնպաստեն տնտեսական աճին։
ArmAr.am












