Հանդիսություն նվիրված Մայրենիի տոնին
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Մայրենի լեզվի օր» պետական տոնին նվիրված հանդիսությունը:
Երեկույթին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հայոց լեզվի և գրականության պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող գիտնականներ, Երևանի բազմաթիվ դպրոցների մանկավարժներ և աշակերտներ:
Ասմունքին և ֆիլմերի համաժամանակյա ցուցադրություններին հաջորդում էին պարային համարներ:
Հանդիսությանը առանձնահատուկ շուք հաղորդեց Վանուշ Խանամիրյանի Հայաստանի պարարվեստի միության «Վանուշ» պարային խմբի սաների հայկական բոցավառ քոչարին, ինչպես նաև «Արևներ» մանկական երգչախմբի եզրափակիչ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երգը, որի առաջին իսկ հնչյուններից դահլիճի տարբեր ծայրերից բեմահարթակ շտապեցին տասնյակ աշակերտներ` մաշտոցյան երեկույթը վերածելով մաշտոցյան տոնախմբության:
ArmAr.am












