Արցախյան հիմնահարցի լուծումն անհնար է ակնկալել մոտ ապագայում
Արցախա-ադրբեջանական հիմնահարցը պատկանում է այն հակամարտությունների թվին, որոնց լուծումն անհնար է ակնակալել մոտ ապագայում: Դրանում համոզվել են նաև տարածաշրջանի գլխավոր խաղացողները` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ինչն արտահայտվում է նաև նրանց դիրքորոշումներում:
Այսպես. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արցախյան հիմնահարցը մեկմեկուց տարանջատելն այսօր առավել քան բխում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերից: Ահա, թե ինչու. ԱՄՆ-ի թիվ մեկ խնդիրն այսօր հայ-թուրքական սահմանի հնարավորինս արագ բացումն է: Հետևապես, անլուծելի դարձած արցախյան հակամարտության շաղկապումը հայ-թուրքական գործընթացին` կնշանակի ԱՄՆ ծրագրերի վերջնական ձախողում Հարավային Կովկասում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նույն շտապողականությունն է դրսևորում նաև Ռուսաստանը: Սակայն Ռուսաստանի պարագայում առկա է մեկ այլ գործոն ևս. պաշտոնական Մոսկվան ամենևին շահագրգիռ չէ արցախյան հիմնախնդրի շուտափույթ լուծմամբ: Իսկ դա ունի իր հստակ հիմնավորումը: Ռուսաստանը շատ լավ է հասկանում, որ արցախյան հիմնախնդրի լուծման պարագայում ինքը վերջնականապես կկորցնի Կովկասը։ Մինչդեռ արցախյան հիմնախնդիրն այն զենքն է, որով Ռուսատանն իր ձեռքում է պահում և’ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Ասել է թե, այն լավագույն լծակ է հարկ եղած դեպքում երկու կողմերի վրա ներազդելու համար:
Ռուսաստանի համար պարզից էլ պարզ է, որ այս երկու գործընթացներից և ոչ մեկն այս պահին հնարավոր չէ հասցնել վերջնհանգրվանի, ու դրա համար կա հազար ու մի պատճառ: Ուստի մեր հյուսիսային ռազմավարական գործընկերը փորձում է հնարավորինս շատ ու արագ շահել սկսված և կարծես դադարի գնացող այդ երկու գործընթացներից` տարածաշրջանում իր վերահսկողությունը դարձնելով անշրջելի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով:
ArmAr.am












