Բելառուսն ընդդեմ գարեջրի
Բելառուսում այսօրվանից ուժի մեջ է մտել մի օրենք, ըստ որի, արգելվում է հասարակական վայրերում գարեջուր խմել։ Գարեջրասերների համար այս երկրում սև օրեր են սկսվում, քանի որ օրենքը խախտելու դեպքում նրանց մեծ տուգանքներ են սպասվում։ Առաջին խախտման համար տուգանքի չափ է սահմանված 280 հազար բելառուսական ռուբլի, որը համարժեք է 100 ԱՄՆ դոլարին։ Երկրորդ անգամ արգելված տեղում կոկորդը գարեջրով թրջելու ցանկությունն իրականացնելու համար գարեջրասերը կտուգանվի 525 հազար բելառուսական ռուբլի, կամ 180 ԱՄՆ դոլար։
Գարեջուր խմելն արգելվում է նաև բելառուսական «Բելավիա» ընկերության մարդատար ինքնաթիռներում։ Այս դեպքում բացառություն է արված միայն բիզնես կարգի ուղևորների համար։ Գուցե նրա համար, որ սրանց ուղևորավարձի մեջ մտնում է նաև այն տուգանքը, որ սահմանված է օրենքո՞վ։
Կարելի է մտածել, որ նման կտրուկ միջոցներով այս երկիրը փորձում է պայքարել ալկոհոլիզմի դեմ, սակայն… Պարզվում է` Բելառուսում դեմ են ոչ թե ալկոհոլիզմին, այլ գարեջրին, քանի որ հասարակական վայրերում արգելվում է նաև ոչ ալկոհոլային գարեջրի օգտագործումը։
ArmAr.am












