Վիկտոր Դալլաքյան. «Առաջիկա երկու ամիսների ընթացքում պետք է ձեռնպահ մնալ արձանագրությւոնները վավերացնելուց»
ՀՀ խորհրդարանում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, հանդես գալով հայտարարությամբ, նշեց, որ Հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի հարցը գերազանցապես կախված է ոչ թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետագա ընթացքից, այլ ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան-Եվրամիություն քառանկյան վերադասավորումների հավանականությունից։ Այդ պատճառով արձանագրությունների հանդեպ վերաբերմունքի հարցում ներկայումս Հայաստանին հակացուցված են կտրուկ շարժումները՝ առնվազն մինչև առաջիկա ապրիլ ամսվա կեսերը, երբ կլրանա Մեծ եղեռնի 95-րդ տարելիցը։
Պատգամավորն ընդգծեց, որ անցած 2 տարիների ընթացքում հարաբերությունների վերականգնման հարցում նախապայմաններ է առաջադրել ոչ թե 1,5 միլիոն զոհ տված և իր պատմական տարածքների առնվազն երեք քառորդը կորցրած հայկական կողմը, այլ Գենոցիդ իրականացրած երկիրը՝ Թուրքիան, որը եզակի դեպք է համաշխարհային պրակտիկայում։
Արձանագրությունների հետ կապված խնդրում, Վ. Դալլաքյանի կարծիքով, ՀՀ ԱԺ-ն իրեն ընձեռած առիթը պետք է օգտագործի ՍԴ կայացրած հավասարակշռված որոշման իրավական դրույթներին քաղաքական բովանդակություն հաղորդելու և դրանց համար միջազգային լայն արձագանք ապահովելու նպատակով։
Նա առաջարկեց առաջիկա երկու ամիսների ընթացքում ձեռնպահ մնալ արձանագրությւոնները վավերացնելուց։
ArmAr.am












