Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Թուրքիան խաբեբա պետության համբավ է ձեռք բերել». գրում է թուրքական «Զամանը»:

Փետրվար 24, 2010թ. 13:30

turkish flag_WebԹուրքական «Zaman» թերթը ընդարձակ վերլուծականով անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկին, ընթացքին և ներկայիս հանգրվանակետին:

Ցյուրիխում ստորագրված «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունները, ըստ «Zaman»-ի, մեծ հաշվով չարդարացրեցին Անկարայի ակնկալիքները: Այսպես`

«Թուրքիան սպասում էր, որ վերջապես կազատվի Ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի թիրախը լինելուց: Հետևաբար, կազատվի նաև 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն բնորոշելու ամերիկյան կողմի սպառնագին ճնշումներից: Իսկ Հայաստանի նպատակը սահմանների բացումն էր, տնտեսության ապաքինումը և Ղարաբաղի հարցը հայ-թուրքական գործընթացից տարանջատելը»,- գրում է «Zaman»-ը:

Այնուհետև, հիշեցնելով Հայաստանի Սահմանդրական դատարանի (ՍԴ) ընդունած որոշումը և Թուրքիայի արտգործնախարարության հակադարձած բողոքի հաղորդագրությունը, թերթը հարց է բարձրացնում. մի°թե Թուրքիան հայտնվել է դժվարին իրավիճակում: Բանից պարզվում է` այո: Եվ ահա թե ինչու.

«Հայաստանի ՍԴ-ի ընդունած որոշման վերաբերյալ թուրքական կողմի առարկությունները ոչ մի պետության աջակցության չարժանացան: Թուրքիայի առարկությունները ոչ Միացյալ Նահանգների, ոչ էլ միջնորդ պետության` Շվեյցարիայի կողմից լուրջ չընդունվեցին: Դեռ մի բան էլ արտմամուլում լայնորեն տարածվեց այն տեսակետը, համաձայն որի, Թուրքիան, որպես պատրվակ օգտագործելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, խոչընդոտ է հարուցել կարգավորման գործընթացի համար»,- նկատել է տալիս թուրքական թերթը` անհանգստություն հայտնելով, որ փաստորեն արձանագրությունների շուրջ ստեղծված իրավիճակը լրջապես վտանգում է թուրքական պետության հեղինակությունը:

Ավելին, ըստ «Zaman»-ի, Թուրքիան Ադրբեջանում և երրորդ երկրներում արդեն «խաբեբա» պետության համբավ է ձեռք բերել:

«Ի տարբերություն նոր-նոր անկախություն ձեռք բերած Հայաստանի, 1000 տարվա պետականության փորձ ունեցող Անկարան է, ցավոք, հայտնվել դժվարին կացության մեջ»,-գրում է թերթը և ընդգծում, որ առկա փակուղուց դուրս գալու, խաբեբա պետության խարանից ազատվելու համար Թուրքիան երեք տարբերակ ունի:

  1. Որպես հակազդեցություն Հայաստանի ՍԴ-ի ընդունած որոշման` արձանագրությունները պետք է չներառել մեջլիսի օրակարգում:
  1. Արձանագրությունները տանել խորհրդարան և քվեարկությամբ մերժել հետևյալ պատճառաբանություններով

ա) Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հակասում է   արձանագրությունների ոգուն:

բ) Ղարաբաղյան հարցում չկա առաջընթաց:

  1. Արձանագրությունները մտցնել խորհրդարանի օրակարգ և Հայաստանի ՍԴ-ի պես վերապահումներով մի որոշում ընդունել:

Վերոթվարկյալներից ամենառացիոնալը «Zaman»-ի գնահատմամբ, երրորդ տարբերակն է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն