Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ալժիրի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Փետրվար 24, 2010թ. 16:25

Minister Nalbandian-Ambassador of AlgeriaՍ. թ. փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Շերգիին (Smail Shergui, նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը կարեւորեց արաբական աշխարհում եւ Մաղրեբում առաջատար դերակատարում ունեցող Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը եւ հույս հայտնեց, որ Սմաիլ Շերգին իր կարեւոր նեդրումը կունենա այդ գործում:

Դեսպան Շերգին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ կանի առավելագույնը տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների խթանումն ապահովելու համար:

Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, տնտեսական համագործակցության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, մշակութային փոխանակումները:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Շերգին անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ալժիրի համագործակցությանը, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:

Տեղեկանք. Սմաիլ Շերգին ծնվել է 1956թ.: Ավարտել է Ալժիրի վարչական դպրոցի դիվանագիտության բաժինը: 1982 թվականից աշխատել է Ալժիրի ԱԳՆ համակարգում: 1994թ. նշանակվել է Ժնեւում Ալժիրի գլխավոր հյուպատոս, 1997թ.` Եթովպիայում, Էրիթրեայում եւ Ջիբութիում Ալժիրի դեսպան, այնուհետեւ` Աֆրիկյան Միությունում եւ ՄԱԿ-ի Աֆրիկայի հարցերով տնտեսական հանձնաժողովում Ալժիրի մշտական ներկայացուցիչ, 2004թ.` Ալժիրի ԱԳՆ բազմակողմ հարաբերությունների վարչության պետ, 2004թ.` Ալժիրի ԱԳՆ Աֆրիկայի վարչության պետ: 2009թ. նշանակվել է դեսպան Ռուսաստանում:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն