Թուրք պաշտոնյաները շարունակում են մանևրել
Վերջին շրջանում հաճախացել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներն այն մասին, թե` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղում չի հայտնվել: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Ումիթ Բոյների հետ հանդիպման ժամանակ դարձյալ նման հայտարարություն է արել:
Ի դեպ, Ումիթ Բոյների դիտարկմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնել է: Սակայն վերջինիս հետ համակարծիք չլինելով, Դավութօղլուն շեշտել է, թե չնայած գործընթացը դժվար է, սակայն այն չի կանգնել եւ փակուղի չի մտել: «Անցյալ տարի հուլիսին նույն բանն էին ասում, բայց տեսաք, որ օգոստոսին նախաստորագրվեցին արձանագրությունները: Նախկինի պես գործընթացը եւ բանակցությունները շարունակվում են»,- լավատեսորեն շարունակել է Դավութօղլուն:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների իրար հակասող կարծիքների շրջանառությունն ամենևին էլ նորություն չէ. հայկական կողմի համար այլևս պարզ է, որ գործ ունեք թուրքական` «ճկուն» դիվանագիտության հետ:
Նպատակը ևս հասկանալի է` իրար հակասող կարծիքներ շրջանառելով, ընդամենը ժամանակ շահել:
Մինչ թուրք պաշտոնյաները մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման ահից վախեցած շարունակում են մանևրել, պաշտոնական Երևանը արդարացիորեն պատրաստվում է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելով հիմքեր ստեղծել թուրքական կողմի խաղերին դիմագրավելու համար. հարկ եղած դեպքում կասեցնել կամ դադարեցնել հայ-թուրքական արձանագրությունները:
ArmAr.am












