Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ նախագահը Կիևում ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին

Փետրվար 25, 2010թ. 17:25

KAR_9666-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիեւում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր Նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:

Ուկրաինայի նորընտիր Նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ հրավիրված Գերագույն Ռադայի հատուկ նիստի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Կիեւ ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարների պատվին Վիկտոր Յանուկովիչի կողմից տրված պաշտոնական ընդունելությանը եւ պաշտոնական ճաշին, շփումներ ունեցել օտարերկրյա իր գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Սերժ Սարգսյանը Կիեւի իր կեցավայրում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Հայաստանի Հանրապետության Նախագահը մեկ անգամ եւս ներկայացրել է պաշտոնական Երեւանի մոտեցումները գործընթացի ներկա փուլի վերաբերյալ եւ նշել,  որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու սկզբունքին: Ֆիլիպ Գորդոնը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն այս գործընթացին: Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում` նա ընդգծել է, որ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, առանց դրանք գոյություն ունեցող այլ խնդիրների հետ փոխկապակցելու, կարեւոր է հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ուշ երեկոյան կվերադառնա Երեւան:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն