«Խոջալուի իրադարձությունները Ադրբեջանի կողմից կազմակերպած ջարդ էր՝ սեփական ժողովրդի նկատմամբ»
Այս օրերին ադրբեջանցիներն իրենց տարերքի մեջ են. կեղծ ու սուտ տեղեկատվություն տարածելու հսկայական դաշտ է բացվել. այս անգամ արդեն Խոջալուի ու Սումգայիթի իրադարձությունների շուրջ։ Անդրադառնալով Խոջալուում, Սումգայիթում ու Բաքվում, նաև՝ Մարաղայում ու Արցախի մի շարք բնակավայրերում տեղի ունեցած իրադարձությունների մասին ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությանը` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը ArmAr.am էլկտրոնային օրաթերի լրագրողի հետ ունեցած զրույցում նշեց, որ այդ դաշտում ակտիվորեն աշխատելու առումով՝ մենք ինչ-որ տեղ պետք է օրինակ վերցնենք Ադրբեջանից։ «Իրենք եղած կամ հորինված ոչ մի առիթ բաց չեն թողնում, որպեսզի կարողանան քարոզչական նպատակներով այն օգտագործել Հայաստանի դեմ»,- ասաց պատգամավորը։
Իսկ Սումգայիթյան ջարդերի տարելիցի հետ կապված, նրանք այդ քարոզչությունն էլ ավելի են ուժեղացնում։ «Այդ ամենը Արցախի հետ կապված հակահայ քարոզչության մեկ բաժինն է։ Եվ եթե մենք հակահարված չտանք դրան, ճշմարտությունը չկարողանանք ներկայացնել, ապա՝ հասկանալի են հետևանքները։ Այդ ամենը, կուտակվելով, ի վերջո դառնում է նաև հակահայ որոշում, քննարկում, և շատ կարևոր է, որ այս օրերին մեր կողմից մեկնաբանություններ հնչեն»,- ընդգծեց Ա. Շահբազյանը։
Անդրադառնալով Խոջալուում տեղի ունեցած իրադարձություններին՝ պատգամավորը նշեց, որ պարզ ճշմարտություն է, որը բացահայտվել է հենց իրենց` ադրբեջանցիների կողմից, որ Խոջալուի իրադարձությունները Ադրբեջանի կողմից կազմակերպած ջարդ է եղել սեփական ժողովրդի նկատմամբ։
Պատգամավորի խոսքով, Խոջալուն հայության դեմ ուղղված վտանգավոր հենակետի էր վերածվել։ Խոջալուն ստրատեգիական կարևոր դիրքում էր գտնվում, նրա հարևանությամբ էր գտնվում Արցախն աշխարհի հետ կապող միակ օղակը՝ օդանավակայանը, որը Խոջալուից անընդմեջ գնդակոծվում էր։Ուստի այդ բնակավայրի ազատագրումը ստրատեգիական նշանակություն ուներ։ Սա հասկանում էր նաև ադրբեջանական կողմը, որը Խոջալուի բնակչության պատանդի կարգավիճակում պահում էր այնտեղ և թույլ չէր տալիս հեռանալ. «Ժողովուրդն այնտեղ բնական վախ ուներ և ցանկանում էր Խոջալուից դուրս գալ, բայց նրանց պարտադրաբար պահում էին, պահում էին պատանդի վիճակում, ինչպես 20 տարի արդեն պահում են Հայաստանից ու Արցախից Ադրբեջան տեղափոխվածներին։
Իրենք թալանեցին Սումգայիթի, Բաքվի հայերի տները, սեփականացրին դրանք, իսկ իրենց ազգակիցներին պահում են վրանների մեջ՝ ցույց տալու նրանց պատանդային վիճակը։ Խոջալուի պատմությունը ուռճացվել և խեղաթյուրվել է։ Հայկական ուժերը, այո, պարտավորված են եղել Խոջալուն ազատագրել օմոնականներից, որոնք հակահայ, ռազմական հենակետի էին վերածել Խոջալուն։ Սակայն հայկական կողմը նախազգուշացրել էր, հնարավորություն տվել, որպեսզի բնակչությունը հեռանա։ Այսինքն՝ դա Խոջալուի բնակչության դեմ ուղղված գործողություն չի եղել և մենք չէ, որ պատասխանատու ենք տեղի ունեցածի համար։ Այսինքն՝ այն, ինչ որ Ադրբեջանի իշխանությունները կատարել են իրենց ժողովրդի հետ, հետագայում փորձել են վերագրել հայկական կողմին։ Սա է իրականությունը, որի մասին մենք պետք է կարողանանք ավելի որոշակի խոսել»,-ասաց Արտյուշա Շահբազյանը։
ArmAr.am












