Թուրք վերլուծաբանը` թուրքերին. «Ես ձեր խելքի վրա եմ զարմանում, խելքի»
Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Հասան Ջեմալը «Ես ձեր խելքի վրա եմ զարմանում, խելքի» հոդվածում ուշագրավ զուգահեռներ է անցկացնում այն երկու իրողությունների միջև, թե երբ են Թուրքիայում ասում «Այս երկրում իրավունքներ չկան, զուլում է» և երբ են լռում այդ մասին:
Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, այդ երկրում առկա համատարած անիրավության, իրավունքների ոտնահարման հանգամանքը` «զուլումը», թուրքերի միտն է գալիս միայն այն ժամանակ երբ, ասենք, զինվորականներին են ձերբակալում, երբ հերթը հասնում է պետական հեղաշրջում նախապատրաստողներին, «Balyoz» (Մեծ մուրճ) օպերացիային, «Ջումհուրիյեթ» թերթի խմբագրատունը պայթեցնել ու Պետական խորհրդի վրա արյունալի հարձակում կազմակերպել ցանկացողներին և այլն:
Մինչդեռ այն ժամանակ, երբ, իրոք, հարկավոր է բարձրաձայնել բռնապետական ռեժիմի, անօրինականության և մոլեգնող անիրավության մասին, բոլորը պապանձվում են:
«Իրավունքներ չկան, զուլում է. ե°րբ է այս հանգամանքը ձեր միտը գալիս: Դե, իհարկե, ոչ այն ժամանակ, երբ փորձ է արվում կոծկել Հրանտ Դինքի սպանության դատական գործը, երբ քար նետելու համար քուրդ բազմաթիվ երեխաների էին ձերբակալում, երբ Սինջանում տանկային ռեժիմ է հաստատվում, երբ Գյունեյդողու բնակավայրում հազարավոր գյուղեր էին հրկիզվում, հարյուր հազարավոր մարդիկ են բռնի տեղահանվում, երբ Օրհան Միրօղլուին քաղաքական հարթակից քրդերեն խոսելու համար 5 տարվա բանտարկության էին դատապարտում, երբ Դինքի սպանողներին երգերով գովերգելը քննադատելու համար Փերիհան Մաղդենին երեք տարվա ազատազրկման էին դատապարտում …»,- թվարկում է թուրք հոդվածագիրն ու եզրահանգում հետևյալ հարց ու պատասխանին.
«Իրավունքների գոյության մասին ե°րբ եք մտածում:
Երբ դիպչում են «խունտայի» անդամներին:
Ես ձեր խելքի վրա եմ զարմանում, խելքի»:
ArmAr.am












