Հայաստանի համար մեկ խնդիրը ճշմարտությունն աշխարհին ներկայացնելն է
Ինչպես արդեն բազմիցս տեղեկացրել ենք, մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Այս իրողությունը հերթական անգամ իրարանցում է ստեղծել թուրքական քաղաքական շրջանակներում։ Թուրքիան ԱՄՆ դեմ լայնածավալ հարձակում է սկսել մի քանի ուղղություններով։ Այս քննարկումը խոչընդոտելու համար ԱՄՆ է գործուղղվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորած պատվիրակությունը, Թուրքիայի խորհրդարանն էլ այսօր պաշտոնապես դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ պահանջելով դադարեցնել Հայերի ցեղասպանության բանաձևի քննարկումը։
Դիմումում, որը ստորագրել են Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները, ընդգծվում է, որ այդ բանաձևի քննարկումը չի բխում ոչ ԱՄՆ-ի, ոչ Հայաստանի և ոչ էլ Թուրքիայի շահերից և որ այդ քայլը կարգելակի հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը։ Փաստաթղթում նաև նշվում է, որ նման հարցերի քննարկումը չպետք է տեղի ունենա քաղաքական գործիչների կողմից։
«Մենք հավատում ենք, որ Կոնգրեսի անդամները չեն քննարկի պատմական այնպիսի ծանր խնդիրներ, որոնք կարող են վնաս հասցնել տարածաշրջանի առանց այն էլ ոչ կայուն խաղաղությանը։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ կոնգրեսականները մեկ անգամ ևս կվերանայեն իրենց դիրքորոշումն այս խնդրի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ հաշվարկների հիման վրա են Թուրքիայի խորհրդարանականները հանգել այն եզրակացության, թե ԱՄՆ կողմից ցեղասպանության ընդունումը չի բխում ԱՄՆ-ի, առավելապես՝ Հայաստանի շահերից։ Այդ ո՞ր շահի մասին է խոսքը։ Գուցե այն, որ Հայաստանի հետ բանակցությունների մեջ մտնելով՝ Թուրքիան կարծում է, որ Հայաստանն այսուհետև պետք է հանդես գա ու խոսի միմիայն իրե՞նց շահերի տեսանկյունից։ Մեկ անգամ ևս հիշեցնենք թուրքական վերնախավին՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրը ճշմարտությունն աշխարհին ներկայացնելն է, այսինք՝ միջազգային հանրության կողմից թուրքերի կատարած ոճրագործության ընդունումն ու ճանաչումը, որը կստիպի Թուրքիային արդեն խոսել ոչ թե մեր ու մյուս երկրների, այլ միմիայն իր խնդիրների մասին։
ArmAr.am












