Այսուհետև մենք ադրբեջանցի «պատմաբաններին» պետք է վերանվանենք պատմագողեր
Այսուհետև մենք ադրբեջանցի «պատմաբաններին» պետք է վերանվանենք պատմագողեր, քանի որ նրանց սրբազան առաքելությունը Հայաստանի պատմությունը կողոպտելն է: Սրանց «աշխատություններին», հրապարակումներին, դիտարկումներին ծանոթանալուց հետո համոզվում ես, որ այդ մարդիկ գողությունից բացի, տառացիորեն ոչ մի բանով չեն զբաղվում: Մեզ` հայերիս համար և պատճառն է հասկանալի, և նպատակը: Պատճառը 100-150 տարվա եղած-չեղած պատմությունն է, նպատակը` հնադարից եկող պատմություն ձեռք բերելը: Այս նպատակը նաև պետական պատվեր է, որին լծվել են Ադրբեջանի պատմագողերը:
Այլ կերպ ասած, քաղաքականությունը սրանց գիտության պատվիրատուն է, հանգամանք, որը գիտությունը դարձնում է շինծու, իսկ դրան լծված խեղճուկրակներին` սկզբում` ծիծաղելի, հետո` արգահատելի: Պետությունն էլ ապահովում է երկրի պատմագողական մտքի գիտական պատրանքը` համաժողովներ, գրքեր, թանգարաններ, ցուցահանդեսներ, կոչումներ և մանավանդ` գործուղումներ: Եվ անպատիժ մնացող այս գողերն այնպիսի բթությամբ, համառությամբ, լկտիությամբ ու հետևողականությամբ են կողոպտում, որ երբեմն շվարում ես, քանի որ համապարփակ ձևով այլակերպ այդ տխմարություններին պատասխանելն իրո՛ք անհնարին է, բայց և սխալ է արհամարհելն ու լռելը:
Սրանք լսարան ունեն` սեփականաշնորհված ժողովուրդը և բանից անտեղյակ աշխարհը:
Ի դեպ, մեր պատմության կողոպուտը ադրբեջանցիների կողմից նոր երևույթ չէ, այն պարզապես հիմա նոր թափ է ստացել և ձեռք բերել նոր երանգներ` քաղաքական զարգացումների պատճառով: Դեռևս անցյալ դարասկզբից` Արցախի բռնակցումից հետո, սրանք սկսել են կամաց-կամաց իրենցով անել նախ` տարածքը, իսկ հետո նաև` այդ տարածքի բնիկների պատմությունը: Դարձյալ բաղիրով-ալիևյան քաղաքականության պատվերով` ժամանակի կարգախոսների քողի տակ, բայց նպատակաուղղված ու նենգ: Ադրբեջանի ժամանակակից պատմագողերը կողոպուտին ավելացրել են նաև բացահայտ սուտը: Բայց ապաշնորհությունը երևում է նաև այստեղ, այսինքն, ոչ միայն ստում են, այլև ստում են ապուշության հասնող շեշտերով. օրինակ`
«3-5-րդ դարերում Ադրբեջանում զարգացան ֆեոդալական հարաբերությունները, ծագեցին խոշոր քաղաքներ` Դերբենդ, Շիրվան, Շեքի, Բուրդա, Թեբրիզ, Գյանջա, Նախիջևան և այլն: 3-րդ դարում Ադրբեջանը նվաճվեց Սասանյան Պարսկաստանի կողմից» («ԽՍՀՄ ժողովուրդների մանկավարժական մտքի և դպրոցների պատմության ակնարկներ»: Ի դեպ, տպագրվել է Մոսկվայում-Ա.Մ.):
Վստահ եմ, որ այս մեջբերման տպագրության օրը 3-5-րդ դարերում գոյություն ունեցող ժողովուրդների բոլոր պատմիչների գերեզմաններից հառաչանք է լսվել: Մանավանդ` Հայաստանի ու Պարսկաստանի պատմիչների: Մեջբերված զառանցանքին ի՞նչ կարելի է հակադարձել` ոչինչ: Պարզապես պետք է շնորհավորել, օրինակ, ֆրանսիացի պատմաբաններին, որ աշխարհագրական դիրքը իրենց չի ստիպել այսօր ապացուցել Վերսալի ֆրանսիական ծագումը:
Ավիկ Մարության












