Արտակ Զաքարյան.«Սումգայիթը հայ էթնոսի դեմ ուղղված պետականորեն ծրագրված գործողություն էր»
« Սումգայիթյան ոճրագործությունը Ադրբեջանի կողմից հստակ ծրագրված ոճիր էր` ուղղված արցախահայության ինքնորոշման իրավունքի արդար պահանջի դեմ: Պահանջ, որ իրականացվեց Խորհրդային Միության սահմանադրության ու օրենքների շրջանակներում, որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սահմանադրական իրավունք»: ArmAr.am էլեկտրոնայաին օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը ` տալով սումգայիթյան ոճրագործության գնահատականը:
Քաղաքական գործիչի դիտարկմամբ, ադրբեջանցիները առիթը բաց չթողեցին հայության նկատմամբ հերթական վայրագությունը իրականացնելու համար:
«Կազմակերպված զանգվածային սպանություններ, թալան. պետք է հստակ ընդգծել, որ տեղի ունեցած ոճրագործությունը կազամակերպված էր միմիայն հայերի դեմ, սա ամենևին էլ մի քանի խուլիգանական խմբերի ձեռքի գործը չէր, ինչպես փորձում էր , և այսօր էլ փորձում է ներկայացնել Ադրբեջանը: Այն հայ էթնոսի դեմ ուղղված պետականորեն ծրագրված գործողություն էր»:
Հանրապետական պատգամավորն արդարացիորեն նկատում է, որ համապատասխան միջազգային կոնվենցիաների համաձայն, նման ոճրագործությունները գնահատվում ու բորոշվում են որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
«90-ականներին ադրբեջանցիների կողմից կազմակերպված զանգվածային ջարդերը ևս մեկ անգամ սպացուցեցին, որ հայ էթնոսը, հայ տեսակը երբեք չի կարող իրեն անվտանգ զգալ Ադրբեջանի տարածքում: Եվ ուրեմն, արցախյան ազատամարտը, արցախահայության պայքարը` մղված իր իրավունքների պաշտպանության ու սեփական երկրի անվտանգության համար, լիովին հիմնավորված են»:
ArmAr.am-ի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ պետական մակարդակով քայլեր չեն արվում Ադրբեջանի տարածքում հայ ժողովրդի նկատմամբ 90-ականներին իրականացված կոտորածները որպես Ցեղասպանություն միջազգայնորեն ճանաչել տալու ուղղությամբ, պարոն Զաքարյանը նկատեց.« ԼՂՀ-ն այսօր հանդիսանում է ինքնուրույն պետական կազմավորում իր` պետական, քաղաքական, հասարակական ինստիտուտներով, և դա լիարժեք հնարավոություն է տալիս, որ երկու հայկական պետությունները, համատեղելով ջանքերը, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահեն Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունը որպես ցեղասպանություն գնահատելու պահանջը: Այո, Ադբեջանին կողմից իրականացված հրեշավոր ոճիրը պետք է ստանա իր համապատասխան իրավական գնահատականը»: Բայց պատգամավորը, միաժամանակ, այն կարծիքին է, որ անհրաժեշտ է այդ ուղղությամբ առավել կենտրոնացնել ջանքերը. կարծում եմ, որ այդ գործընթացը առաջիկայում պետք է հասցնել պետական քարոզչության մակարդակի: Ադրբեջանն անցել է բոլոր սահմանները` բազմաբնույթ կեղծիք ու խեղաթյուրված փաստեր մատուցելով միջազգային հանրությանը: Եվ շատ կարևոր է, որ Հայաստանը տեղեկատվական պատերազմում գործի գրագետ ու փաստարկված: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ համատեղվեն լրատվամիջոցների, պետական համապատասխան կառույցների ու գիտական ներուժի ջանքերը` պատշաճ մակարդակով հակադարձելով ադրբեջանական հակահայկական կեղծ քարոզչությանը:
ArmAr.am












