Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանի եւ Լեհաստանի բարեկամությունը գալիս է դարերի խորքից»

Փետրվար 26, 2010թ. 17:17

Minister Nalbandian-Ambassador of Poland 26.02.10Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Շնորհավորելով դեսպան Ռաչինսկուն Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանի եւ Լեհաստանի բարեկամությունը գալիս է դարերի խորքից եւ մենք պետք է ջանքեր գործադրենք դրանց առավել ամրապնդման եւ խորացման ուղղությամբ»: Նախարար Նալբանդյանը նաեւ հույս հայտնեց, որ Լեհաստանի նոր դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա երկու երկրների համագործակցության հետագա ընդլայնման գործում:

Իր հերթին դեսպան Ռաչինսկին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը տարբեր բնագավառներում փոխգործակցությունը խորացնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան առաջիկայում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Լեհաստանի հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստան – ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:

Տեղեկացնենք, որ Զդիսլավ Ռաչինսկին ծնվել է 1959թ.: Ավարտել է Վարշավայի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: 1997-2001թթ. զբաղեցրել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարի խորհրդականի պաշտոնը: 2001թվականից աշխատել է Լեհաստանի ԱԳՆ համակարգում: 2004-2007թթ. եղել է Թունիսում Լեհաստանի դեսպան: Տիրապետում է արաբերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն