Մշակվում է գիտության ոլորտի զարգացման պետական քաղաքականություն
Այսօր տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի մամուլի ասուլիսը՝ «Գիտության ոլորտի կարևոր իրավական ակտերը» թեմայով: Աս մասին հաղորդում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ս. Հարությունյանը ներկայացրել է 2009 թվականին Կոմիտեի կողմից մշակված և Կառավարություն ներկայացված կարևոր իրավական ակտերի նախագծերը, որոնք վերաբերում են գիտության ոլորտի զարգացման ռազմավարությանը, ոլորտի զարգացման գերակա ուղղություններին և ֆինանսավորման նոր կարգերին:
ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը ամրագրում է 2011-2020 թվականների հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը: Այն ոլորտի ներկա վիճակի, առկա հիմնախնդիրների, հեռանկարային զարգացման նպատակների և ուղղությունների վերաբերյալ դրույթների ամբողջություն է և հիմք է հանդիսանում ՀՀ գիտության զարգացման 2011-2015 և 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրերի մշակման համար:
2009-ին Կոմիտեում մշակված երկրորդ կարևորագույն փաստաթուղթը վերաբերում է գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղություններին, որով սահմանվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, նպատակները և դրանց իրականացման մեխանիզմները:
Նախորդ տարի Կոմիտեում մշակվել է նաև ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանսավորման նոր ձևեր սահմանող որոշման նախագիծը:
Գիտության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանն էր ուղղված նաև գիտական փորձաքննություն իրականացնող փորձագիտական համակարգի ստեղծումը և ներդրումը, ինչպես նաև՝ միջազգային չափանիշներին համապատասխան փորձաքննության կարգի կիրառումը: Դա հնարավորություն կտա գիտական ծրագրերի ընտրությունն իրականացնել բացառապես մրցութային կարգով և ֆինանսավորել այն գիտական ծրագրերն ու թեմաները, որոնք միտված են միջազգային մակարդակին համապատասխան արդյունքների ձեռքբերմանը:
ArmAr.am












