Ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների մասին վկայությունները արխիվացվել են
Ավարտվել են 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքները:
Արխիվացվել են մի քանի տասնյակ հազար նյութեր՝ ականատեսների, տուժածների, նրանց հարազատների ու իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ եւ այլ փաստաթղթեր: Վկայությունները վերաբերում են, մասնավորապես, Սումգայիթում, Գետաշենում, Շահումյանում, Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներում իրականացված վայրագություններին, որոնք դրսեւորվել են սպանությունների, բռնաբարությունների, բռնությունների, հրկիզումների, ալան-թալանի տեսքով:
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Երկիր» շաբաթաթերթին տեղեկացրել է, որ ներկայումս ընթացքի մեջ են արխիվացված նյութերը ՀՀ դատախազության ինտերնետային էջում տեղադրելու աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտվել 2-3 ամսվա ընթացքում, սակայն էջը կգործի արդեն փետրվարի 26-ից:
Փաստաթղթերն ապացուցում են, որ հայերի նկատմամբ իրականացված ջարդերը կազմակերպել էին Խորհրդային Ադրբեջանի քաղաքական իշխանությունները, իսկ որոշ տարածքներում դրանք իրականացվել են հենց իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Հարկ է նշել, որ վկայություններն ու ցուցմունքները տեղադրվում են մասնակի կրճատումներով, որովհետեւ առանձին դեպքերում հայերին հաջողվել է փրկվել ադրբեջանցի կամ ռուս հարեւանների շնորհիվ: Հայերին օգնության ձեռք մեկնած ադրբեջանցիների անունները չեն հրապարակվում` վերջիններիս անվտանգության նկատառումներից ելնելով:
Քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կարող եք այցելել՝
http://www.genproc.am/main/ru/199/:
ArmAr.am












