Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները չե՞ն արտահայտում այդ երկրի կարծիքը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անցած շաբաթ ՀՀ խորհրդարանում պատասխանելով ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞ւ մեր երկիրը համապատասխան ձևով չի պատասխանում թուրքական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների՝ երկրի վարչապետի, ԱԳ նախարարի, գենշտաբի ղեկավարի կողմից անընդմեջ հնչող հայտարարություններին, որոնք պատգամավորի կարծիքով այդ պետության դիրքորոշումն են արտահայտում, թե առանց արցախյան հիմնահարցի ադրբեջանամետ լուծման, Թուրքիան Հայաստանի հետ որևէ հարաբերություն չի հաստատի, ՀՀ ԱԳ նախարարն ասաց.«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող որևէ կերպ կապակցվել Արցախի խնդրի հետ, և Հայաստանն այդ մոտեցմամբ ու այդ փոխըմբռնմամբ է բանակցություններ սկսել թուրքական կողմի հետ։ Եվ եթե թուրքական կողմը նույն ըմբռնումը չունենար, այս բանակցությւնները չէին սկսվի։ Այդ նույն մոտեցումն ունեն նաև միջնորդ երկրները։ Այս կապակցությամբ արտահայտվել են Շվեյցարիան, Արցախյան հիմնախնդրի բանակցություններում միջնորդ հանդիսացող ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստաը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Սակայն ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև այսպիսի մի միտք արտահայտեց. միջազգային ատյաններում այն կարծիքին են, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները չեն արտահայտում այդ երկրի կարծիքը։
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի խնդրանքով ՀՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը մեկնաբանելով ասվածը ասաց.« Բա ո՞րն է այդ պետության կարծիքը։ Այդ դեպքում ո՞վ է ներկայացնում երկրի կարծիքը, եթե ոչ վարչապետը, ԱԳ նախարա՞րը, գլխավոր շտաբի պե՞տը։ Երբեմն մենք մեզ դնում ենք անհեթեթ վիճակների մեջ։ Այդ հայտարարությունները, որ գրեթե ամեն օր հնչում են նրանց կողմից, մենք փորձում ենք արդարացնել։ Կարծես թե՝ մենք թուրքերի թիմից ենք խաղում և անընդհատ ասում ենք, որ նմանատիպ հայտարարությունները ներքին օգտագործման համար են։ Չի կարող այդ երկրում ներքին օգտագործման համար լինել ժողովրդին ֆռացնելու քաղաքականություն։ Թուրքիան այդ երկիրը չէ։ Ուրեմն՝ շատ հստակ է, որ այն ինչ ասվում է իրենց կողմից, սա ուղղակիորեն Թուրքիայի պետական քաղաքականությունն է»,- ասաց ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը։
ArmAr.am












