Ադրբեջանցի անկոչ հյուրերը ցուցակներ են ճշտում
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել այն մասին, թե առաջիկայում Ադրբեջանի խորհրդարանականների պատվիրակությունը կայցելի Ղարաբաղ։ Իհարկե նշվում է, որ այդ այցը դեռևս համաձայնեցված չէ, բայց ադրբեջանցի խորհրդարանականներն արդեն ճշտում են ցուցակները, թե ովքեր են ընդգրկված այդ պատվիրակության կազմում։
Հարց է առաջանում` իսկ ո՞ւմ հետ պետք է նրանք համաձայնեցնեն այդ այցը։ Եթե Ղարաբաղ ասելով նրանք նկատի ունեն Ադրբեջանի հանրապետության կազմում գտնվող ինչ-որ բնակավար, ապա կարելի է ենթադրել, որ համաձայնեցում պետք է տեղի ունենա անձամբ ընկեր Ալիևի հետ։ Իսկ եթե նրանց ընկալմամբ Ղարաբաղը Արցախի Հանրապետությունն է, ապա…
ArmAr.am –էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանի Հանրապետությունն այդ խնդրով իրենց չի դիմել, իրենք էլ նրանց չեն հրավիրել Արցախի Հանրապետություն։ Մեր այն հարցին՝ թե դիմելու դեպքում ինչպիսին կլինի Արցախի իշխանությունների դիրքորոշումը, Դ. Բաբայանը պատասխանեց. «Եթե Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանականներն այդ այցով ցանկանում են Արցախի Հանրապետության հետ խորհրդարանական դիվանագիտություն զարգացնել, ցանկանում են հանդիպել Արցախի Հանրապետության խորհրդարանականների հետ, որպեսզի փորձեն ինչ-որ կերպ նպաստել երկու պետությունների միջև եղած հարաբերությունների կարգավորմանը, ապա մենք կմտածենք»։
Սակայն Դավիթ Բաբայանը նաև նկատեց, որ յուրաքանչյուր նմանատիպ այցելությունից հետո՝ վերադառնալով Ադրբեջան, նրանք հերթական հիստերիան են բարձրացնում և հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով։ Ուստի, Արցախի Հանրապետությունում կասկածի տակ է դրվում նման այցելությունների նպատակահարմարությունը։
ArmAr.am












