Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Որքան «անամպ ու բարեկամական» է վրաց-հայկական հարևանությունը` ըստ Սահակաշվիլու

Մարտ 1, 2010թ. 09:00

MAR_8376Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է իր գործընկեր Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Վերին-Լարս»  հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին:

Վրաստանի Նախագահը ողջունել է հայ գործընկերոջը եւ նշել, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի հաջողություններով եւ ցավում նրա խնդիրների համար, ինչպես եւ Հայաստանը: «Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է», – ընդգծել է Միխեիլ Սահակաշվիլին եւ հավելել. «Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում: Այստեղ ապրում են  նաեւ շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը՚:

Հայաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել  հրավերի, ջերմ ընդունելության համար եւ ասել, որ շատ էր լսել Բաթումի քաղաքի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպավորություններ ունի: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ վերհաստատել է հայ-վրացական հիանալի  հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ այդպես կլինի մշտապես. ՙՄենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես»:

Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է Բաթումում, ծանոթացել քաղաքում կատարվող աշխատանքներին եւ քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին:

Այսօր նախատեսված է Նախագահ Սերժ Սարգսյանի այցը հայկական եկեղեցի, որտեղ նա կհանդիպի Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն