«Տիգրանակերտը մեր հպարտության պատն է»
Դեռ մի քանի տարի առաջ շատերը թերահավատորեն էին վերաբերվում այն հնագետներին, ովքեր Արցախում փորձում էին գտնել հայոց հինավուրց մայրաքաղաք Տիգրանակերտը: Մինչ մյուսները կասկածում էին` հնագետ Համլետ Պետրոսյանը հաստատակամ պեղում էր տարածքը` հավատալով, որ Տիգրանակերտներից մեկը այդ տարածքում պետք է լինի:
Արդեն մի քանի տարի շարունակվող պեղումների արդյունքների մասին հնագիտական խմբի ղեկավար, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը պատմեց «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի կազմակերպած «Արցախի Տիգրանակերտի հայտանագործումը» թեմայով դասախոսության ժամանակ:
«Տիգրանակերտի պեղումներն ինձ համար զուտ հնագիտություն չեն: Մենք փորձել ենք վեր հանել մի բան, որը գոյություն ունի անկախ մեզանից և այն, որ այսօր փողոցներում հանդիպում ենք թռուցիկներ, որոնց վրա գրված է «Աղդամը իմ հայրենիքն է»` դա նշանակում է, որ մարդիկ ընդունում են Տիգրանակերտի գոյության փաստը»,- ողջույնի խոսքից հետո ասաց Համլետ Պետրոսյանը:
Հանդիպումը բացվեց Զարեհ Ճգնավորյանի 2006 թվականին նկարահանած «Հայկական ոդիսական. Տիգրանակերտ» ֆիլմով, որը պատմում է Տիգրանակերտի դերի, դիրքի, կառուցվածքի մասին, իսկ այժմ Տիգրանակերտի մասին երեք ֆիլմ է նկարահանվում:
«Մեր հիմնական նպատակը հնագիտական աշխատանքների` նույն բերկրանքով և ոգևորությամբ շարունակումն է, որն առկա էր այն պահին, երբ երևաց առաջին սրբատաշ քարը: Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին առաջարկեց գտնել Տիգրանակերտը: Երբ սկսեցի պատմական տվյալները ճշտել` հասկացա, որ հիմքեր կան մտածելու, թե Տիգրանակերտը մեր ենթադրած տեղում է: Մի փոքրիկ խմբով ճանապարհվեցինք Արցախ և սկսեցինք ուսումասիրել տեղանքը»,- ասաց բանախոսը:
Սակայն մինչ Արցախ մեկնելը Համլետ Պետրոսյանը ծանոթացել է Տիգրանակերտի մասին հիշատակություններին: Որի մասին պատմում են ոչ միայն հայ, այլև օտարազգի պատմիչները:
« Պատումներից մեկում Ստրաբոնը հիշատակում է Իբերիայի մոտ գտնվող Տիգրանակերտի մասին: Ստրաբոնի թարգմանիչները եզրակացրել են, թե եթե Իբերիան Վիրքն է, ապա որտե՞ղ է գտնվում Մեծն Տիգրանի կառուցած Տիգրանակերտը, և մտածել, որ Իբերիան սխալ է ու, հավանաբար, Մծբինի աղավաղված ձևն է: Սակայն Տիգրանակերտը գտնելուց հետո սկսկել են գրել, թե հասկանալի է, թե որտեղ է գտնվում Ստրաբոնի պատմած Տիգրանակերտը: Հայոց հնագույն քաղաքի մասին վկայությունները շատ են և թյուրիմացություններն էլ առաջացել են չհիմնավորված կասկածամտության և տեղանունների աղավաղման արդյունքում»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Նա նաև նշեց, որ մինչև վերջերս Տիգրանակերտի մասին խոսելիս որպես նոր ժամանակների հիշատակություն ստիպված հղում են արել երկու թուրք պատմիչների, ապա Սարգիս Ջալալյանին: Սակայն Մատենադարանում աշխատելիս գտել են Եսայի Հասան-Ջալալյանի 18-րդ դարում գրած մի աշխատություն, որը մոտ 130 տարի այդ թուրք պատմիչներից ավելի վաղ է պատմել Տիգրանակերտի մասին, սակայն, Երուսաղեմի հրատարակությունում կասկածելով «Տիգրանակերտի» ուղղագրության վրա, այն դարձրել են Ականակերտ: Մինչդեռ ձեռագրում կարդում ենք` Տիգրանակերտ:
«Արցախում մի քանի օր կտարած պեղումների արդյունքում պարզ դարձավ, որ նման հուշարձան` Արարատյան դաշտավայրից արևելք ընկած տարածքում չկա և այն անպայման ժամանակին առևտրական խաչմերուկ է եղել: Սկզբում տարածքից գտանք խեցեղենի կտորներ, սակայն ոչ կառույցներ, քանի որ կրաքարը բաց երկնքի տակ մնալուց արագ փչանում է: Սակայն մի անկյունաքար կանգուն մնացել էր, որն էլ հետազոտության հիմք հանդիսացավ: Իսկ այսօր արդեն իսկ ակնհայտ է, որ Տիգրանակերտի ոչ միայն պարիսպները, այլև ամբողջ քաղաքը ժայռափոր հիմքի վրա է: Այսօր Տիգրանակերտի տարածքից ունենք չորս վաղ արձանագրություն, որոնք նաև վկայում են Տիգրանակերտի հզորության մասին»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Իսկ թե ինչու է ժայռի վրա կառուցվել քաղաքը` հնագետը մեկնաբանեց քաղցրահամ աղբյուրի առկայությամբ:
Ընթացքում Համլետ Պետրոսյանը հիշեց նաև ադրբեջանցիների կողմից քրիստոնեական հետքերի ոչնչացման մասին: Չնայած, որ խոսում են իրենց այսպես կոչված աղվանական ծագման մասին, որպեսի փորձեն մեկնաբանել նախկին ԱԽՍՀ-ի տարածքում այդքան հայ-քրիստոնեականա հուշարձանների առկայությունը, այնուամենայնիվ, պահը երբեք չեն կորցրել հայկական խաչը և հայկական խորհրդանիշները ոչնչացնելու համար: Նրանք այսօր էլ ձեռքերը ծալած չեն նստում. Ադրբեջանի ԱԱԾ-ն դիմել է միջազգային կազմակերպություններին` ասելով, թե հայերն իրավունք չունեն այնտեղ պեղումներ կատարել, որի արդյունքում Համլետ Պետրոսյանը դուրս է եկել երկու միջազգային հեղինակավոր կազմակերպության նախագահությունից, քանի որ վերջիններս ասել են, թե Տիգրանակերտը «վիճելի» տարածքում է:
Ադրբեջանցիների «բարկությունը» Համլետ Պետրոսյանը պարզաբանեց նաև այն հանգամանքով, որ նրանք 15 տարի այդ տարածքում աշխատել են, տեղանքի մասին բազմաթիվ հոդվածներ գրել, սակայն Տիգրանակետը չեն գտել: Իսկ այն հայտնաբերելու դեպքում, պարզ է, որ ադրբեջանցիները` պատմություն կեղծելու իրենց ձեռագրին հարիր, կժխտեին, որ դա հայոց Տիգրանակերտն է:
Համլետ Պետրոսյանը Տիգրանակերտը համեմատեց եգիպտական բուրգերի հետ, այն անվանելով` «մեր հպարտության պատ»:
«Արդեն երրորդ տարին է` ինչ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն աջակցում է մեզ և տրամադրում 30 միլիոն դրամ պեղումներ իրականացնելու համար: Իսկ հնավայրի գտածոներն առայժմ պահվում են ԵՊՀ հնագիտական լաբորատորիայում, որոնք վերականգնումից հետո կտեղափոխվեն Արցախ»,- ասաց Հալետ Պետրոսյանը:
ArmAr.am-ի ընթերցողին տեղեկացնենք, որ Տիգրանակերտի մասին տեղեկություն ստանալու համար կարելի է պարզապես այցելել www.tigranakert.am կայքէջ: Արմենուհի Կարեյան












