Թուրքիային չի էլ հետաքրքրում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը
Հայաստանի Ազգային Ժողովում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի ընդունումը Թուրքիայում դեռ որեւէ կերպ չի մեկնաբանվում: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանն ու կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանն ասել են, թե ավելի շուտ արձագանքում է ադրբեջանական մամուլը, քան թուրքականը:
«Թուրքիան անտարբեր է հայ- թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման գործընթացի նկատմամբ, այդ երկրին այլ հարցեր են հետաքրքիրում»,- կարծում է թուրքագետը: Վերջինիս կարծիքով Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը բեմականացված խաղ է, որի ռեժիսորները գերտերություններն են: Իրականում՝ Թուրքիային չի էլ հետաքրքրում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը, այդ երկիրը, թուրքագետի կարծիքով, անգամ չի վախենում, որ ԱՄՆ կընդունի Հայոց Ցեղասպանության բանաձևը:
Իսկ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը իրավիճակն այսպես է բնորոշում` քայլեր Հայաստանից, լռություն` Թուրքիայից: Նա ՍԴ որոշման, ԱԺ-ում «Միջազգային պայմանագրերի մասին » օրինագծի հրատապ ընդունման դիմաց Թուրքիայի պասիվ կեցվածքը Հայաստանին նյարդայնացնելու քայլ է որակում։ «Հայաստանի կողմից հրատապ քայլերը ցույց են տալիս արձանագրությունների վտանգավորությունը եւ Երևանի անպատրաստ լինելը»:
Ընդամենը երեք օրից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի 252 բանաձեւը։ Այն, Արտակ Շաքարյանի կարծիքով, ամենայն հավանականությամբ կընդունվի, սակայն դարակազմիկ նշանակություն չի ունենա։ Անգամ ԱՄՆ նախկին նախագահներից Ռոնալդ Ռեյգանն օգտագործեց Ցեղասպանություն բառը, սակայն դրանից ոչինչ չփոխվեց, նկատեց թուրքագետը:
ArmAr.am












