«Հայաստան» հիմնադրամը մեկնարկեց Աբովյանի ծննդատան հիմնանորոգումը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը փետրվարին մեկնարկել է Կոտայքի մարզի ք. Աբովյանի ծննդատան ծնարանային- վիրահատական բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրը հովանավորում է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների: Այս մասին ArmAr.am–ին փոխանցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Քանդման աշխատանքներն ավարտված են, ներկայումս կառուցվում են միջնորմային պատերը: Կնորոգվի բաժանմունքի հատակը, կփոխարինվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն սալիկապատման աշխատանքներ:
Ծննդատան գլխավոր բժիշկ Լարիսա Մադոյանի խոսքով` արդեն 25 տարի գործող ծննդատան անմխիթար վիճակը չի կարող չանդրադառնալ բուժսպասարկման որակի վրա: ՙՆախեւառաջ բարվոք պայմաններն են, որ մայրերին ապահովության ու վստահության զգացում են ներշնչում, ինչը շատ կարեւոր է թե նորածնի, եւ թե սպասարկող անձնակազմի համար՚,- նշեց գլխավոր բժիշկը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ունեցել են 193 ծնունդ:
Մարզի 7 քաղաքային ու շուրջ 60 գյուղական բնակավայրերը սպասարկող ծննդատանը 2009-ին ընդունվել է 1422 ծնունդ, սպասարկվել` 247 ամբուլատոր հիվանդ, վիրահատվել` 347 կին եւ բժշկական խորհրդատվություն ստացել` 17 656 հղի կին:
ՙԵրեխայի ծննդյան պահից սկսած յուրաքանչյուր ծնող ձգտում է իր փոքրիկի համար ապահովել հարմարավետ պայմաններ ու առողջ միջավայր. մենք պարբերաբար իրականացնում ենք այս առաջնահերթ խնդրի լուծմանն ուղղված ծրագրեր՚,- ասում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ հավելում,-ՙՄեր այսօրինակ աշխատանքի լավագույն գնահատականը ծնունդների աճն է տվյալ համայնքում՚:
Հատկանշական է, որ առողջապահական ոլորտի ծրագրերի շրջանակում այս պահին ընթանում են նաեւ Երեւանի ՙՍուրբ Աստվածամայր՚ բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային-հետծննդյան բաժանմունքի, ՙՆորքի՚ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ՙբ՚ մասնաշենքի, Նոյեմբերյանի հիվանդանոցի հիմնանորոգման, ինչպես նաեւ Գորիս քաղաքում ՙԶանգեզուր՚ սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները:
ArmAr.am












