ՀՀ ԱԳ նախարար.«Խոջալուի դեպքերի կազմակերպիչները ադրբեջանցիներն են»
Օրերս լրացավ Սումգայիթյան ջարդերի 22 տարին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներից մեկը հայտարարություն էր տարածել, ուր նշված էր, որ Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներն առ այսօր անպատիժ են մնացել, ավելին՝ նրանք հանդիսանում են Ադրբեջանի խորհրդարանի անդամներ։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Հայաստանը Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, նշեց. «Ցավալի է, որ Սումգայիթի, Բաքվի, և այլ բնակավայրերի հայ խաղաղ բնակչության ջարդերի կազմակերիչներն անպատիժ են մնացել, որ Ադրբեջանի անկախությունից անմիջապես հետո հանցագործներն ու մարդասպանները ոչ միայն չպատժվեցին, այլև հերոսացվեցին ու մեծարվեցին։ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի հանցագործները վաղ թե ուշ պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
ՀՀ ԱԳ նախարարը նաև ընդգծեց. «Վստահ եմ, որ կգա նաև այն ժամանակը, երբ Խոջալուի հանցագործությունների իրական կազմակերպիչները ևս կբացահայտվեն և պատասխանատվություն կկրեն։ Իսկ այն, որ Խոջալուի դեպքերի կազմակերպիչները ևս ադրբեջանցիներն են՝ վկայում է Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը, վկայում են ադրբեջանական այլ աղբյուրներ, որոնց նկատմամբ այդ երկրում հետապնդումներ են իրականացվում»:
ArmAr.am












