Թուրքիան ստորագրում է իր դատավճիռը
«Ներկայումս Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև առկա ամենահրատապ հարցը Հայոց ցեղասպանության բանաձևն է»,- հայտարարել է 1989-1991թթ. Թուրքիայում ԱՄՆ դեսպանի լիազորություններով պաշտոնավարծ Մորթոն Աբրամովիչը: Համաձայնվելով Մորթոնի հետ` հավելենք, որ հրատապ լինելուց բացի այն նաև տագնապահարույց է, անշուշտ` Անկարայի և առհասարակ թրքամետ զանգվածների համար: Սա` արտաքին ճակատում:
Ներքին կյանքում էլ ամենահրատապը թերևս բարձրաստիճան զինվորականների զանգվածային ձերբակալություններն են: Մի քանի տասնյակ նախկին ու ներկա զինվորականներին ձեռնաշղթաներ հագցնելը և հարցաքննության արդյունքում որոշներին կալանավայր ուղարկելը, հարվածի տակ է դնում Թուրքիայի ներպետական կայունության հիմնասյուներից մեկը, եթե ոչ գլխավորը:
Եվ ուրեմն, ստացվում է այնպես, որ Թուրքիան հայտնվել է երկու ցնցումների «արանքում»: Կանխատեսել, թե ո՞ր ճակատում և ո՞ր ցնցումը կտապալի թուրքական համառությունը, առայժմ հստակ չէ, բայց, օրինակ, ենթադրությունների համար բավականաչափ նպաստավոր հող կա: Այսպես.
Պատմությունը սրբագրելու անբարոյական գործին վարժված թուրքերը, ի վերջո, նպատակադրվել էին դավեր նյութել ոչ թե պատմության հատորյակներում, այլև իրական կյանքում հարթել տարաձայնությունները հարևան պետություններ հետ: Այդ պատճառով էլ թմբկահարվեց «զրո խնդիր հարևանների հետ» արտաքին քաղաքական կարգախոսը: Բայց այդ մարտավարությունը դեռ մի բան էլ «զրոներով ավելացրեց» Թուրքիայի ներքին խնդիրները. պետական հեղաշրջման ծրագրեր, գեներալների ձերբակալություններ, քրդական խռովությունների ուժգնացում, սոցիալական բողոքի թեժացում, գործադուլների հսկայական ալիք:
Բնական է, որ էրդողանականներն (իշխանականներ ու իշխանամետներ) ու ապաէրդողանականները (ընդդիմադիրներ), ի վերջո, հանդես են գալիս միևնույն դրոշի ներքո, ասել է թե` հետամուտ են ազգային շահի ընդհանրությանը: Եթե քաղաքականապես հակադիր այդ երկու ճամբարները միավորվեին, բնականաբար, պարտությունից խուսափելու հավանականությունը Անկարայի համար կավելանար առնվազն երկու անգամ: Բայց նկատենք, որ եթե Հայոց Ցեղասպանության հարցում թուրքական իշխանություններն ու ընդդիմությունը համակարծիք են ու երդվյալ հակառակորդներ Ցեղասպանության բանաձևին, ապա նույնը չես ասի ներքաղաքական ցնցման պարագայում: Քանի որ ազդեցիկ ընդդիմադիրները կոկորդ պատռելով դատապարտել և դատապարտում են զինվորական վերնախավի մասսայական ձերբակալությունները: Սա նշանակում է, որ Գյուլի վարչախումբը ոչ միայն հարկադրված է դիմակայել երկու պայթյունավտանգ իրողություններին, դեռ մի բան էլ ներքին ճակատում գործելու է միայնակ:
Կենտրոնանք Հայոց Ցեղասպանության բանաձևի շուրջ ստեղծված լարվածության վրա: Թուրքական երկու խորհրդարանական պատվիրակություններ մեկնել են Վաշինգտոն` կոնգրեսականների հետ բանակցելու, մեջլիսը նախազգուշական ու բողոքի նոտաներով հագեցած նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսին, Թուրքիայի վարչապետը սպառնացել է, որ բանաձևի ընդունումը կտապալի հայ-թուրքական կարգավորման գործընթացը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը սկսել է հանդիպել հրեական լոբբիստների հետ, Թուրքիայի արտգործնախարարությունը Ներկայացուցիչների պալատի մերժումն ակնկալող հաղորդագրություն է տարածել…
Պետական բոլոր խողովակների գործարկումը Վաշինգտոնի դեմ, մատնում է Թուրքիայի ծայրահեղ խառնաշփոթը: Թեև այլ տարբերակ չկար, և, բնականաբար, Անկարան պաշտոնական ու ոչ պաշտոնական խողովակներով պետք է դիմադրեր Ցեղասպանության բանաձևի քվեարկության վտանգի դեմ: Սակայն մյուս կողմից էլ Անկարայի այդ բուռն հակազդեցությունն ավելի խոցելի է դարձնում հենց իրեն`Թուրքիային, որովհետև Սպիտակ տունը համոզվելով, որ Թուրքիայի համար այդ հարցը խիստ գերզգայուն է, որպես ճնշման լծակ կշարունակի էլ ավելի համառորեն այդ «վտանգը թափահարել» Թուրքիայի քթի տակ` նպատակ ունենալով արձանագրությունների վավերացումը մեջլիսում հնարավորինս արագացնել:
Հետևապես, նման ջղաձգային հակազդեցությամբ Թուրքիան Վաշինգտոնի դիրքերն ավելի անառիկ, իսկ ճնշման ներգործությունն ավելի արդյունավետ է դարձնում: Քանի որ Վաշինգտոնը բանաձևը մեջտեղ բերելով նպաստավոր իրավիճակ է ստեղծում` առանց արցախյան հիմնախնդրում թուրքական նախապայմանի առաջքաշման վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Ինչպես նաև Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումով ԱՄՆ-ը կպատժի Անկարային, մասնավորապես, վերջին շրջանում ցուցաբերած անհնազանդության համար:
Նշանակում է` երկու դեպքում էլ Թուրքիայի նկատամամբ քաղաքական «դատավճիռ» է կայացվելու: Չէ° որ երկու տարբերակին էլ Անկարան առայժմ ընդդիմանում է:
Անտարակույս, մինչև ապրիլքսանչորսը Թուրքիան դեռ ԱՄՆ-ին համոզելու բազմաթիվ այլ մեթոդների կդիմի, բայց նման գործելաոճը էլ ավելի կնպաստի վերոնշյալ երկու տարբերակներից մեկի իրագործմանը: Հետևաբար, նման գործելաոճով Թուրքիան, ըստ էության, կստորագրի սեփական դատավճիռը…
Մխիթար Նազարյան
թուրքագետ
ArmAr.am












