Հանդիպել են հայկական երկու պետությունների օրենսդիրները
Երեկ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցչական պատվիրակությանը, որը Ստեփանակերտ է ժամանել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում նախատեսված սոցիալական ոլորտի հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին ArmAr.am –ին հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, նույն հանձնաժողովների նախագահների տեղակալներ և հանձնաժողովների անդամներ, փորձագետներ։
Ողջունելով Երևանից ժամանած օրենսդիրներին և նրանց ուղեկցող անձանց, ԼՂՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ երկու հայկական խորհրդարանների համագործակցությունը, տարեցտարի զարգանալով, հետզհետե նոր ավանդույթներ է ձեռք բերում, որոնցից է, մասնավորապես, ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստերը։ Նրա խոսքով՝ նիստի օրակարգային հարցերը, որոնք շոշափում են երկու հանրապետությունների համարյա բոլոր խավերի շահերը, մի ամբողջ օրենսդրական փաթեթ են կազմում՝ առանձնանալով իրենց կարևորությամբ ու հրատապությամբ։
Իրենց հերթին՝ ՀՀ Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովների նախագահները կարևորեցին նման կարգի նիստերը հետագայում ևս շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ երկու խորհրդարանների համագործակցության արդյունավետության։
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Զոյա Լազարյանը և ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ Ազգային ժողովի նարկայացուցիչ Կարեն Թոփչյանը։
ArmAr.am












