Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ պատգամավոր.«Հայաստանն ու Արցախը միասին Հայոց Տունն են կառուցում»

Մարտ 2, 2010թ. 17:47

lxh ajՏեղի է ունեցել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցություն. համատեղ նիստ՝ ԼՂՀ Ազգային ժողովում

Մարտի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովում՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում, տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի և ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի, սոցիալական հարցերի և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

Այդ կապակցությամբ երկօրյա աշխատանքային այցով Ստեփանակերտում է գտնվում ՀՀ ԱԺ ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում են նշված ոլորտային հանձնաժողովների նախագահները, հանձնաժողովների նախագահների տեղակալներ և  հանձնաժողովների անդամներ, փորձագետներ։

Նախքան նիստը՝ պատվիրակության անդամներին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Համատեղ նիստին՝ որպես հրավիրյալներ, ներկա էին ԼՂՀ սոցիալական ուղղվածության կառույցների պատասխանատուներ ու մասնագետներ, այդ թվում՝ առողջապահության նախարար  Արմեն Խաչատրյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, սոցիալական ապահովության փոխնախարար Լենստոն Ղուլյանը։

«Նման փոխադարձ այցերը և դրանց ընթացքում իրականացվող աշխատանքային հանդիպումներն օգտակար են երկուստեք»,- բացման խոսքում,  նշել է ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։ «Անկախ նրանից, որ մենք ներկայացնում ենք երկու անկախ, ինքնիշխան պետություններ, մենք միասին՝ որպես հայոց զուգապետության օրենսդիրներ, համատեղ ջանքերով  Հայոց տուն ենք կառուցում և, կարծում եմ, դրանից առավել օգտակար ու հաճելի, միով բանիվ՝ ազգաշահ առաքելություն ես չեմ տեսնում մեր ներկա սերունդների համար»:

Իր հերթին՝ ներկայացնելով պատվիրակության անդամներին, ՀՀ ԱԺ   առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց Արցախի իր գործընկերներին նախաձեռնության ու հրավերքի համար։ «Այսօր, ասաց նա, մենք կամփոփենք մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը և կտեսնենք, որ այս անգամ եկել ենք ավելի գործնական առաջարկությունների փաթեթով, այսինքն՝ մեր ոլորտային հանձնաժողովների անցյալ տարվա ապրիլյան համատեղ նիստի համեմատ առաջընթացն ակնհայտ է»:

Համատեղ նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ ԼՂՀ  ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ գոհունակությամբ նշելով, որ երկու հայկական պետությունների խորհրդարանների համագործակցությունը, շարունակելով և զարգացնելով նախորդ տարիների ձևավորված ավանդույթները,  տարեցտարի ավելի ու ավելի է աշխուժանում և արգասաբեր դառնում՝ կյանքի կոչվելով  ամենատարբեր ձևաչափերով ու մակարդակներով։ Նիստի քննարկման ենթակա խնդիրների կապակցությամբ նա, մասնավորապես, ասաց.  «Ունենալով տարաբնույթ նշանակություն ու դրսևորման տարբեր կենսական հարթություններ՝ այդ խնդիրները, ըստ էության, մեր պետությունների սոցիալական քաղաքականության՝ որպես մեկ ամբողջության, փոխկապակցված բաղկացուցիչներն են կազմում՝ բխելով այդ ոլորտում իշխանություների որդեգրած ռազմավարությունից։ Միևնույն ժամանակ, ներկայանալով որպես հարափոփոխ հանրային կյանքի հրամայականներ կամ այլ կերպ՝ ժամանակի մարտահրավերներ, համատեղ նիստի օրակարգում հաստատված հարցերը կարևորվում են իրենց հանրային հրատապությամբ, հետևապես և օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ»։

Խորհրդարանի նախագահը համոզմունք հայտնեց, որ ոլորտի խորհրդարանական հանձնաժողովների այս համատեղ նիստը ևս հետաքրքիր մտքերի ու հիմնավորված առաջարկների ամփոփումներ կգտնի քննարկման ենթակա օրակարգային հարցերից յուրաքանչյուրի կապակցությամբ՝ դրանք երաշխավորելով հետագա օրենսդրական կարգավորման։ Նկատի առնելով, որ առաջիկա մայիսին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է ձևավորվի ԼՂՀ հաջորդ՝  հինգերորդ գումարման Ազգային ժողովը՝ իր նոր պատգամավորական կազմով, ԱԺ նախագահը երկու խորհրդարաններին մաղթեց ձևավորված ավանդույթների հետագա խորացում, առավել արդյունավետ փոխգործակցություն ու նոր հաջողություններ։

Խոսքի ավարտին ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն և բարեմաղթանքներ հղեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ այդ միջոցառումը կարևորելու և նման ներկայացուցչական պատվիրակության կազմ երաշխավորելու համար։ Վստահ եմ, ընդգծեց նա, որ այն, ինչ մենք այսօր ներկայացնելու ենք այս դահլիճում, եթե ոչ անմիջական լուծումների, ապա գոնե մտորումների տեղիք է տալու, որպեսզի մենք մեր հաջորդ հանդիպումներին անդրադառնանք դրանց։

Համաձայն օրակարգի՝ համատեղ նիստում թեմատիկ զեկուցումներով  ու ելույթներով հանդես եկան ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Մկրտիչ Մինասյանը և հանձնաժողովի անդամ Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և  նույն հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, նույն հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը և  հանձնաժողովի գլխավոր փորձագետ Մարինե Հակոբյանը, ՙՀույսի կամուրջ՚ հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը։ Այնուհետև հիմնական զեկուցողները պատասխանեցին ներկաների հարցերին՝ հանդես գալով  լրացուցիչ պարզաբանումներով։

Համատեղ նիստն ավարտվեց աշխատանքային օրվա վերջին՝ քննարկումների ընթացքում հնչած առաջարկությունների ու հետևությունների ամփոփմամբ։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն