«Հարաբերությունների հետագա ճակատագիրը կախված է միայն Թուրքիայից»
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը:
-Եվ հայկական, և թուրքական կողմերից հնչում են կարծիքներ, թե հայ-թուրքական բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում: Ինչպե՞ս կգնահատեք ներկա իրավիճակը:
-Եթե Թուրքիայի քաղաքական-պետական շրջանակները շարունակեն վարել այն քաղաքականությունը, որ որդեգրել ու մինչ օրս շարունակում են իրականացնել, ապա չի բացառվում , որ այդ գործընթացը կարող է հայտնվել փակուղում:
Հայաստանն իր ստանձնած պարտավարությունների շրջանակներում նախատեսվող բոլոր գործողություններն իրականացրել է: ՀՀ նախագահն իր լոնդոնյան հայտնի ելույթում հստակ հայտարարեց, որ արձանագությունները Թուրքիայի խորհրդարնում վավերացվելուց հետո Հայաստանի խորհրդարանն` ի դեմս քաղաքական մեծամասնության, պատրաստակամ է վավերացնել արձանագրությունները, բայց միայն Թուրքիայի մեջլիսում վավերացվելուց հետո: Ինչո՞ւ է այս հանգամանքը շատ կարևորում Հայաստանը, քանի որ նոր սկսվող գործընկերային հարաբերություններում հայկական կողմը պետք է վստահ լինի Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի ու պատրաստակամության հարցում: Իսկ վստահության լավագույն ապացույցը, տվյալ փուլում, դա Թուրքիայի մեջլիսի կողմից գործընթացի սկսումն է ու արձանագությունների վավերացումը:
-ՀՀ խորհրդարանն իր համաձայնությունը տվեց «ՀՀ միջազգային պայամանագրերի մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումներ կատարելուն: Այն հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում կիրառելով սույն օրենքը` դադրեցնել կամ կասեցնել այս կամ այն միջազգային պայմանագիրը: Փաստորեն, Հայաստանը նախապատրաստական քայլեր է կատարում հարկ եղած դեպքում կանխել թուրքական կողմի վտանգավոր խաղերը:
-Անշուշտ, նման օրենքի առկայությունը ՀՀ-ին հնարավորություն կտա` ելնելով քաղաքական իրավիճակից, միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ, իրավական ամբողջ հիմնավորումներով հանդերձ, կասեցնել գործընթացը: Սակայն, Հայաստանը շարունակում է գործընթացի շարունակականության հարցում հայտարարել իր պատրաստակամության մասին: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեր երկրի նախագահը ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպման ժամանակ ևս հավաստեց Հայաստանի պատրաստակամության մասին` շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այնպես որ, այս պահին գործընթացի ողջ պատասխանատվությունը և հարաբերությունների հետագա ճակատագիրը կախված է միայն Թուրքիայից: Եթե Թուրքիան չցանկանա վիժեցնել սկսված գործընթացը, ապա այն անպայման կունենա իր տրամաբանական շարունակությունը: Իսկ եթե մտնի փակուղի, ուրեմն դրա պատասխանատուն միմիայն Թուրքիան է լինելու:
ArmAr.am












