Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հայաստան կայցելի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը

Մարտ 3, 2010թ. 11:40

kirՄարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանում կգտնվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը: Այս մասին հայտնում են Մայր աթոռ սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա երկու Հայրապետների ներկայությամբ Սերգիև Պասադի և Էջմիածնի միջև՝ որպես քույր քաղաքների, կկատարվի համաձայնագրի կնքում: Այնուհետև երկու Հովվապետերը ծաղկեպսակ կզետեղեն 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին, որը գտնվում է Էջմիածնից դեպի Օշական ճանապարհին:

Մարտի 17-ին նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանգարան և ծառատունկ «Հիշողության» պուրակում: Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը և Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելեն Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, ուր հանդիպում կունենան Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Ապա Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա գոհաբանական աղոթք: Մարտի 17-ին երկու Եկեղեցիների պետերը հանդիպում կունենան նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Մարտի 18-ին ծրագրված է Երևանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, ինչպես նաև Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի «Հովվի խոսքը», «Ազատություն և պատասխանատվություն» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը Երևանի Պետական համալսարանում և երկու գահակալների հանդիպումը ուսանողների, մտավորականների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Նույն օրը Մայր Աթոռում տեղի կունենա համատեղ հայտարարության ստորագրում, ապա Հրաժեշտի արարողությամբ կավարտվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցը Հայաստան:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն