«Հրեաները հավատարիմ կմնա՞ն իրենց հայտարարություններին, թե՞ ոչ»
Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը, լրագրողների հետ հանդիպուման ժամանակ ասել է, թե թուրքական կառավարությունը դիմել է հրեական լոբբիաստական կազմակերպություններին, որպեսզի ամեն ինչ անեն` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում վաղը քննարկվելիք Հայոց ցեղասպանության բանաձևն օրակարգից հանելու համար: Սակայն հրեաները բավականին կոշտ են պատասխանել թուրքական կողմին, ինչը անսպասելի է եղել նրանց համար` «սառը ցնցուղ»:
«Հրեաները պատասխանել են, որ Կոնգրեսը պատմությունը վերաքննելու տեղ չէ: Սպասենք ու տեսնենք` հրեաները հավատարիմ կմնա՞ն իրենց հայտարարություններին, թե՞ ոչ»:
Ինչպես նկատում է ՀՌԱԿ ատենապետը Հայոց Ցեղասպանության ճանաչումը տարբեր երկրների կողմից, բացի բարոյական հաղթանակից, այլ բան չի տա Հայաստանին, իսկ եթե ուզում ենք մեր խնդրին իրավական լուծում տալ, պետք է դիմել Հաագայի միջազգային դատարան, քանի որ տեղի է ունեցել հանցագործություն, իսկ հանցագործները կանգնում են դատարանի առջև: Մինչդեռ մենք, ըստ Հարություն Առաքելյանի, գնում ենք սխալ ճանապարհով.«Նյութական միջոցներ ու ժամանակ ենք վատնում, իսկ եթե ուզում ենք փոխհատուցում, ուզում ենք, որ մեղավորները պատժվեն, պետք է դիմենք դատարան»:
Հ. Առաքելյանը գործնական առաջարկություն է անում, այն է` հավաքել իրավաբանների խումբ ու հայտ ներկայացնել միջազգային դատարան: «Սակայն, որպեսզի Հայաստանը կարողանա նման քայլի դիմել միայն ՄԱԿ-ի անդամ լինելը քիչ է, պետք է որ ՀՀ խորհրդարանն օրենք ընդունի, որ Հայաստանն իրավունք ունի դիմել միջազգային դատարան»:
Հիշեցնենք. վաղը ԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունենալու Հայոց Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձևի քվեարկությունը:
ArmAr.am












