Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանական «քաղաքագետներին» խիստ խոցել է ՀՀ ԱԳ նախարարի հնչեցրած ճշմարտությունը

Մարտ 3, 2010թ. 18:38

082219131876Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արտահայտած այն միտքը, թե՝ «Սումգայիթի, Բաքվի հայ խաղաղ բնակչության ջարդերի կազմակերիչներն անպատիժ են մնացել, որ հանցագործներն ու մարդասպանները ոչ միայն չեն պատժվել, այլև հերոսացվել են ու մեծարվել, և որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի հանցագործները վաղ թե ուշ պատասխանատվության ենթարկվեն», «ոգևորության» ալիք է բարձրացրել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Նրանք ամեն կերպ փորձում են տարբեր պատճառաբանություններ գտնել սեփական մեղքը կոծկելու համար,  «ապացուցներից» մեկն էլ այն է, թե իբր այդ իրադարձությունները տեղի են ունեցել Խորհրդային իշխանության տարիներին, ուստի անկախ Ադրբեջանի ղեկավարությունն այդտեղ իր մեղքի բաժինը չունի, մեղավոր է ԽՍՀՄ ղեկավարությունը, առաջին հերթին՝ Մ. Գորբաչովը։

Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների նմանատիպ արձագանքները ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԱԺ  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը ասաց. «Անշուշտ, Խորհրդային Միության քաղաքական և իրավական ոլորտների ղեկավարները կատարված այդ հանցագործությունների համար պատասխանատու են այնքանով, որքանով իրենք «անկարող եղան», «ուժ չունեցան» միջամտել այդ գործընթացներին և կանխել այդ ոճիրը։ Բայց, որ դրա կատարողները Ադրբեջանի Սովետական Հանրապետության քաղաքացիներ էին, որոնք այսօր էլ ապրում ու անպատիժ վայելում են հայերի թողած տները, ունեցած գույքը և պատասխան չեն տվել թափված արյան համար, փաստ է։ Պետք չէ ուրանալ ակնհայտ իրողությունները և պետք չէ անընդհատ փորձել իրանությունը շրջել»:

Ա.Սաֆարյանը համոզված է, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը կտա կատարավածի  գնահատականը:

ԱԺ  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, միաժամանակ, ցավով արձանագրեց, որ 1988-1990թթ, հետո այս հարցում մենք այնքան էլ հետևողական չենք եղել, միջազգային հանրությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկություններ չենք ներկայացրել, տեղյակ չենք պահել նրանց այս հանցանքների մասին։ Մենք այդ մասին սկսել ենք խոսել միայն այդ ողբերգական իրադարձություններից 20 տարի անց։ Սակայն  Սումգայիթի Բաքվի, Գանձակի և նախկինում մյուս հայաշատ վայրերում հայերի դեմ կատարված ոճրագործությունները պատմական վաղեմության ժամկետ չունեն, քանզի դրանք հանցագործություններ են` ուղղված հանուր մարդկության դեմ: Ապա հավելեց.«Մեղավորներին պատասխանատվության ենթարկելը երբեք էլ ուշ չէ»։ Եվ վերջապես,  «Եթե հայերը և ադրբեջանցիները երբևէ ապրելու են կողք-կողքի, ապրելու են խաղաղ, ապա մենք բոլորս պետք է ուժ գտնենք՝ այս ամենի մասին ճշմարիտ խոսք ասելու և ճիշտ գնահատական տալու»,- նշեց Ա. Սաֆարյանը։

Ի դեպ, ադրբեջանցի մեր «գործընկերներին» հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարը երեկ նաև հայտարարել էր` «Վստահ եմ, որ կգա նաև այն ժամանակը, երբ Խոջալուի հանցագործությունների իրական կազմակերպիչները ևս կբացահայտվեն և պատասխանատվություն կկրեն։ Իսկ այն, որ Խոջալուի դեպքերի կազմակերպիչները ևս ադրբեջանցիներն են՝ վկայում է Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը, վկայում են ադրբեջանական այլ աղբյուրներ»։

Հետաքրքիրն այն  է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նրբանկատորեն  անտեսել է ՀՀ ԱԳ նախարարի հիշյալ հայտարարությունը: Պարզ է` դեռևս մտմտում է գտնել հակադարձման կեղծ փաստարկներ: Բայց մի բան հստակ է, որ կեղծիքի զինանոցը վաղ թե ուշ սպառվելու է…

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն